Главная » 2013 » Սեպտեմբեր » 27 » 5 ամենազարհուրելի հնէաբանական հայտնագործությունները Մարդիկ, ովքեր մասնագիտության բերումով զբաղվում են հողը փորփրելով, հաճախ երբեմն զար
00:38
5 ամենազարհուրելի հնէաբանական հայտնագործությունները Մարդիկ, ովքեր մասնագիտության բերումով զբաղվում են հողը փորփրելով, հաճախ երբեմն զար

5 ամենազարհուրելի հնէաբանական հայտնագործությունները 




Մարդիկ, ովքեր մասնագիտության բերումով զբաղվում են հողը փորփրելով, հաճախ երբեմն զարմանալի, իսկ երբեմն էլ զարհուրելի հայտնագործություններ են անում: Մենք ֆիլմերում հաճախ ենք տեսնում, թե ինչպես են դամբարաններում կենդանանում մումիաներ, իրականանում են անեծքներ, անէանում են հին միֆերը, և կերտվում են նորերը: Բայց հողը շարունակում է իր մեջ պահել բազմաթիվ սարսափելի գաղտնիքներ՝ ինչպես ֆիլմերում, այնպես էլ իրական կյանքում:

1. Ճչացող մումիաներ

1886 թվականին եգիպտական հնությունների հարգված հետազոտող Գաստոն Մասպերոն զբաղվում էր իր սովորական գործով՝ սարկոֆագների միջից մումիաներ էր հանում, քանդում էր դրանց կապերը և գույքագրում էր անցկացնում, երբ հանկարծ հայտնաբերեց անսովոր համեստ ու ակնհայտորեն ոչ արքայական ծագման հուղարկավորման վայր, որի մասին ոչ մի տեղեկություն չկար: Պարզապես սովորական մի դագաղ էր, որի մեջ գտնվող մարմինը փաթաթված էր ոչխարի մորթով: Մումիայի ձեռքերն ու ոտքերը կապված էին, իսկ կիսաքայքայված դեմքին հստակ դաջվել էր վերջին ճիչը, որն ակնհայտորեն հիացական չէր...

Հնէաբաններն իրենց հայտնագործությունը պայմանականորեն անվանեցին «Անհայտ E մարդը»: Փորձագետները առաջ քաշեցին մի ենթադրություն, համաձայն որի` հանգուցյալին մահանալուց առաջ կա՛մ թունավորել են, կա՛մ էլ կտտանքների են ենթարկել, կա՛մ էլ առհասարակ կենդանի-կենդանի են թաղել: 20-րդ դարում այս սարսափելի, սակայն միևնույն ժամանակ հիմար վարկածը հերքվեց՝ մանրակրկիտ հետազոտությունների արդյունքում:

Ամեն ինչ շատ ավելի պարզ էր: Բանն այն է, որ եթե բալզամացման ժամանակ մոռանում էին կապել ծնոտը, ապա ժամանակի ընթացքում դեմքի հյուսվածքները քայքայվում էին, և բերանը նման կերպ բացվում էր: Ժամանակակից դիահերձողները լավ յուրացրել են այդ դասը, իսկ Մասպերոյի հայտնագործությունից տասնամյակներ անց աշխարհի տարբեր ծայրերում դեռ շարունակում են հայտնաբերել բազմաթիվ «ճչացող մումիաներ»:

Իհարկե, «դիակի ճիչի» ֆենոմենի բացահայտումը մումիաներին բարետես ու ժպտադեմ չի դարձնում, բայցևայնպես, գուցե լավն էլ դա է, հակառակ դեպքում պատկերացրեք, թե ինչ անհեթեթ ու միապաղաղ կլինեին մումիաների մասին սարսափ ֆիլմերը՝ պուպսիկ մումիաներով:

2. Անգլուխ վիկինգների եղբայրական գերեզմանը

2010 թվականի մի լուսապայծառ առավոտ էր բրիտանական Դորսեթ կոմսությունում: Մի խումբ հնէաբաններ գարեջուր խմելով քչփորում էին հողը` գոնե ինչ-որ միջնադարյան գութանի մնացորդներ կամ սպասքի բեկորներ գտնելու ակնկալիքով, երբ իրենց համար էլ անակնկալ բավականին լուրջ հայտնագործություն արեցին:

Քլունգով և վրձնով աշխատանքի գիտակները լույս աշխարհ հանեցին 54 վիկինգ զինվորների եղբայրական գերեզման: Ընդ որում հետաքրքիրն այն է, որ բոլոր մարմինները գլխատված ու անդամահատված էին, իսկ մարմնի տարբեր մասերը տարբեր տեղերում էին թաղված:

Մանրամասն ուսումնասիրելով այս զարհուրելի գերեզմանը` հնէաբանները հետաքրքիր եզրահանգում արեցին. վիկինգներին սպանելուց հետո սկզբում գլխատել էին, այնուհետև կտրել էին վերջույթները, ընդ որում, մարմնի բոլոր մասերը տեսակավորել էին և թաղել էին առանձին-առանձին: Հետաքրքիր է նաև այն, որ գանգերը ավելի քիչ էին, քան իրանները: Սարսափելի է...

Սկզբնական վարկածն այսպիսին էր. վիկիգների ջոկատը գրավել էր ինչ-որ անգլոսաքսոնական գյուղ և այնքան էր համը հանել, որ բնակիչները ապստամբություն էին բարձրացրել և կտոր-կտոր էին արել զավթիչներին, իսկ ոմանք էլ պատժված ավազակների գլուխները վերցրել էին իրենց որպես հուշանվեր: Սակայն գիտնականները տարակուսանքի մեջ էին, քանի որ բոլոր մարմինները գլխատվել էին միևնույն կերպ՝ առջևից վզին հասցված սրի հարվածով: Սա ավելի շատ հիշեցնում է ինչ-որ դաժան ծիսակարգ, քան սառնարյուն հաշվեհարդար: Հավանաբար տեղի է ունեցել հանրային մահապատիժ:

Ամեն դեպքում, այս հայտնագործությունը որոշակի լույս սփռեց 8-9-րդ դարերում Բրիտանիայում տիրող բարքերի վրա, երբ անգլոսաքսերը ստիպված էին պարբերաբար ենթարկվել սկանդինավների ասպատակություններին: Հավանաբար հենց այդ ավազակային հարձակումներից ծնված վախն էլ բերել էր նման դաժան ու անմարդկային թվացող ծիսակարգերի պրակտիկայի...

3. Նրանք չէին կծում, բայց թռչել էլ չգիտեին

Նոր Զելանդիայի Կաուրանգի ազգային արգելոցում, որի բնությունն ու լանդշաֆտը մեզ քաջ ծանոթ է «Մատանիների տիրակալը» ֆիլմերից, 1986 թվականին նշանակալից հայտնագործություն արվեց: Մարմարյա Օուեն սարի ստորոտում գտնվող քարանձավներից մեկում արկածախնդիր արշավախումբը երկրաբանական գտածոներ էր փնտրում:

Քարե միջանցքներից մեկում երկրաբանները մի այնպիսի բանի բախվեցին, որը ստիպեց նրանց հիշել իրենց կյանքում տեսած բոլոր սարսափ ֆիլմերը: Գետնի վրա ինչ-որ դիվային էակի մնացորդներ էին, որոնք տեղ-տեղ դեռ ծածկված էին հաստ ու չորացած կաշվով:

Սկզբում երկրաբաններին թվաց, թե ինչ-որ դժոխային էակ են գտել, որը բոլորովին վերջերս է սատկել, և նրանց հանգիստ չէր թողնում տագնապը, որ այդ էակի եղբայրներն ու քույրերը կարող է դեռ զվռնում են քարանձավի մութ անկյուններում: Դատելով իրենց գտած գանգի ու կտուցի չափսերից` նրանց ոչ մի լավ բան չէր սպասի, եթե նրանք իրոք հանդիպեին այս էակի կենդանի ընկերներին:

Սակայն իրականությունը այդքան էլ սարսափելի չէր: Պարզվեց, որ երկրաբանները քարանձավում հայտնաբերել էին 3000 տարվա հնություն ունեցող մնացորդներ, որոնք պատկանել էին ջայլամի նմանվող մոա թռչունին: Չունենալով բնական թշնամիներ` այս 250 կիլոգրամ կշռող թռչունները «հրաժարվել էին» թռչելու ունակությունից և էվոլյուցիայի ընթացքում իսպառ կորցրել թևերի նշույլներն անգամ:

Բայց ի դժբախտություն այս թռչունների` 3000 տարի առաջ Նոր Զելանդիայում հայտնվեցին այժմյան մաորի ցեղի ներկայացուցիչների նախապապերը: Ի երկրորդ դժբախտություն այս թռչունների` մաորիների նախապապերը շատ սիրեցին մոա թռչուններին, հատկապես՝ խորոված, տապակած, խաշած ու ձվածեղ վիճակներում, իսկ վերջին մոան անցավ պատմության գիրկը՝ գրիլի տեսքով, մոտավորապես 1500 թվականին:

Պետք է նշել նաև, որ քարանձավային այս հայտնագործությունից դեռ 123 տարի առաջ արդեն հայտնաբերվել էին այս թռչնի մնացորդներ՝ ոմն Ջեյմս Քեմփբելլի կողմից: Մեր օրերում կա մի հիպոթեզ, համաձայն որի` այս թռչունների շատ փոքր պոպուլյացիա դեռ պահպանվել է Նոր Զելանդիայի դժվարամատչելի ու անմարդաբնակ վայրերում: Ամեն դեպքում, նրանց դեռ փնտրում են (երևի մաորիները 1500 թվից հետո սովածացել են):

4. Մահացած նորածիններով լի կոյուղի

Եվս մեկ զարհուրելի պատմություն, որ կարող է դառնալ սարսափ ֆիլմերի սյուժե: 1988 թվականին Իսրայելի Աշկալոն քաղաքում հնէաբանները պեղումներ էին իրականացնում հին հռոմեական կոյուղային համակարգում, որը սպասարկում էր տեղի բաղնիքներն ու սանիտարահիգիենիկ համակարգը: Կոյուղում նրանք հայտնաբերեցին հազարավոր մանուկների փոքրիկ ոսկորներ...

Պարզվեց, որ այդ սահմռկեցուցիչ վայրը, որի կոյուղային հանգույցում նման զարհուրելի գտածո էին հայտնաբերել, ոչ թե բաղնիք է եղել, այլ հատուկ հաստատությունը, որի միակ գործառույթը եղել է ոչ ցանկալի նորածինների մասսայական ոչնչացումը: Համաձայն հռոմեական օրենքների` երեխաները մինչև 2 տարին լրանալը հանդիսանում էին հոր մասնավոր սեփականությունը: Եթե հռոմեացի տղամարդը գիրկը չէր առնում նորածնին, նա դրանով ցույց էր տալիս, որ չի ուզում այդ երեխային, և այդժամ երեխային ոչնչացնում էին՝ համաձայն օրենքի: Միայն քրիստոնեության ամրապնդումից հետո Բյուզանդիայում այս հակամարդկային օրենքը չեղյալ հայտարարվեց, իսկ մանկասպանությունը ծանր հանցագործություն դարձավ:

Չի բացառվում նաև, որ Աշկալոնբում հայտնաբերված ոսկորները հիմնականում պատկանել են հնագույն մասնագիտության ներկայացուցիչների անցանկալի երեխաներին: Հասկանալի է, որ այն ժամանակներում կոնտրացեպցիայի միջոցներ չկային, ու պոռնիկները ծննդաբերելով, որպես կանոն, ձերբազատվում էին իրենց «մասնագիտական գործունեության» արգասիքներից, իսկ այն երեխաներին, ում այնուամենայնիվ չէին սպանում, ի վերջո էլի իրենց մասնագիտության ներկայացուցիչ էին դարձնում:

5. Ճահճի մարդիկ

Ապրել Եվրոպայի հյուսիսում և աշխատել տորֆային ճահիճներում, համաձայնվեք, որ այդքան էլ վարդագույն հեռանկար չէ: Եվ իրոք, տորֆի արդյունահանմամբ զբաղվելը համարվում է աշխարհի ձանձրալի ու դեպրեսիվ աշխատանքներից մեկը:

Բացի դրանից` տորֆային հանքավայրերում աշխատող մարդիկ պարբերաբար առնչվում են հնէաբանական բնույթի, բայց ոչ այնքան հաճելի գտածոների հետ, ինչպիսին այս «գանձն է».

Սակայն այս «գանձը» վախենալու է միայն առաջին հայացքից: Ժամանակին սա եղել է սովորական ու նորմալ մահկանացու, ով իր կյանքն ապրելուց հետո թաղվել է ճահճոտ տեղանքում: Բարձր թթվայնության, ցածր ջերմաստիճանի և թթվածնի սակավության շնորհիվ դիակը ոչ թե նեխել էր, այլ վեր էր ածվել մումիայի և չափից դուրս լավ էր պահպանվել:

Լինում է նաև այնպես, որ տորֆային ճահիճներում հայտնաբերվում են քրեածին դիակներ: Այդպիսինն է օրինակ Դանիայում հայտնաբերված Տոլլունդյան մարդը, ում կախել են կաշվե փոկով դեռ 4-րդ դարում: Այս մումիան հայտնաբերվել է 1950 թվականի ամռանը: Մումիայի ներքին օրգաններն այնքան լավ էին պահպանվել, որ գիտնականները կարողացել էին որոշել ոչ միայն մահանալու պահին նրա տարիքը (մոտ 40 տարեկան), այլև այն, որ կախաղան բարձրացվելուց առաջ նա ապուր էր կերել: Այս սարսափելի մումիայի գլխին նաև կաշվե գլխարկ էր հագցված:

Եվս մեկ քրեածին դիակ հայտնաբերվեց Գրոբոլլ տեղանքի մերձակայքում գտնվող ճահիճներում՝ 1952 թվականին: Դատելով կտրված կոկորդից` գրոբբոլյան մարդուն սպանել և գցել են ճահճի մեջ, և ընկնելիս նա կոտրել է նաև իր ոտքը: Գոյություն ունի մի վարկած, որ նրան մահապատժի են ենթարկել վատ բերքատվության մեջ մեղավոր լինելու պատճառով:

Գերմանական Օստբերի գյուղակի մոտ գտնվող ճահճից էլ գտան այս վարսերով գանգը, որը հնարավորություն տվեց պատկերացում կազմելու, թե ինչ սանրվածքներ էին անում Քրիստոսից առաջ 1-ին հազարամյակում գերմանական ցեղախմբերի տարեց ներկայացուցիչները: Այս սանրվածքը կոչվում է «Շվաբյան հանգույց», ընդ որում, գանգի տիրոջ մազերն ի սկզբանե ճերմակ են եղել, սակայն թթվային միջավայրի ազդեցության տակ դարձել են խարտյաշ:


Просмотров: 671 | Добавил: Aray | Теги: 5 ամենազարհուրելի հնէաբանական հայտն, իս, հաճախ երբեմն զարմանալի, ովքեր մասնագիտության բերումով զբաղվ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: