Главная » 2013 » Սեպտեմբեր » 26 » 5 նվաստացուցիչ ձախողում, որոնք պատմաբանները որպես հաղթանակ են ներկայացնում
21:27
5 նվաստացուցիչ ձախողում, որոնք պատմաբանները որպես հաղթանակ են ներկայացնում

5 նվաստացուցիչ ձախողում, որոնք պատմաբանները որպես հաղթանակ են ներկայացնում



Ինչպես ասվում է մի հին ասացվածքում, պատմությունը գրում են հաղթողները: Սակայն միշտ չէ, որ դա այդպես է: Պատմությունը գրելիս պատմաբանները երբեմն սկսում են երազել և ցանկալին որպես իրողություն ներկայացնել: Այլ կերպ ասած` երբ իրականությունն այդքան էլ ոգեշնչող չէ, նրանք այն դարձնում են այդպիսին:  

Ձեզ կներկայացնեմ 5 պատմական իրողություն, որոնք ընդունված է համարել հաղթանակ, բայց իրականում դրանք բոլորն էլ կա՛մ առնվազն այդպիսին չեն եղել, կա՛մ էլ ընդհանրապես, խայտառակ ձախողում են եղել:

5. «Live Aid» բարեգործական փառատոնը


Ի՞նչ է ասում պատմությունը.

1985 թվականին երաժշտական աշխարհը միավորվեց, որպեսզի դրամահավաք անցկացնի Եթովպիայի սովյալ մանուկների համար և անցկացվեց «Live Aid» կոչված 16 ժամանոց երաժշտական փառատոնը: Տոմսերի, տեսա ու ձայնագրությունների ռեկորդային վաճառքների արդյունքում մոտ 250 միլիոն դոլար գումար հավաքվեց, և այդ գումարով բազմաթիվ երեխաների հնարավոր եղավ սովից փրկել:

Այն, որ այս փառատոնը դարձավ տասնամյակի ամենադրական միջոցառումներից մեկը և միևնույն ժամանակ՝ պատմության խոշորագույն երաժշտական միջոցառումներից մեկը, քննարկման ենթակա չէ: Անգլիայում և ԱՄՆ-ում համերգին մասնակցեց շուրջ 177 հազար հանդիսատես, իսկ համաշխարհային մասշտաբով կազմակերպված հեռուստատեսային հեռարձակմանը հետևեց մոտ 1,5 միլիարդ մարդ: Փառատոնի կազմակերպիչ Բոբ Գելդոֆը ստացավ Բրիտանիայի ասպետի կոչում 1986 թվականին, իսկ փառատոնը մինչ օրս էլ համարվում է ցանկացած նմանատիպ միջոցառման համար առանցքային չափորոշիչ:

Իրականում...

Աֆրիկայում ձեռնարկվող մարդասիրական օգնության փորձերից քաղած դասերից գլխավորը հետևյալում է. աֆրիկյան երկրներում անընդհատ առկա սովը առաջանում է ոչ թե այն պատճառով, որ բերքն է քիչ, այլ երկու հիմնական պատճառներով.
ա. մարդկանց պարբերաբար տեղահանում են տարբեր ու տարատեսակ պատերազմների ու քաղաքացիական պատերազմների, հեղաշրջումների, հեղափոխությունների ու ապստամբությունների պատճառով:

բ. որպես կանոն, աֆրիկյան երկրներում գործում են ահավոր վատ իշխանություններ:

Հիմա պատմեմ ձեզ աֆրիկյան մյուս կարևոր դասի մասին: Երբ աֆրիկյան երկրներում առկա են կոնֆլիկտներ, և դա զուգակցված է կաշառակեր ու արյունարբու իշխանություններ ունենալու փաստով, ցանկացած հումանիտար օգնության համար տրամադրվող միջոցները կարող են ծառայեցվել ճիշտ հակառակ նպատակին, եթե այդ օգնությունը հատկացնող պետությունը կամ կազմակերպությունը հետամուտ չլինի, որ ամեն դոլարը ծախսվի նպատակային:

Ցավոք, «Live Aid» նախաձեռնությունը չուներ այդ մեխանիզմները, որպեսզի վերահսկեր եթովպական կառավարությանը, և արդյունքում, այն ՀԿ-ները, որոնք ստացել էին փառատոնին հավաքված գումարները, որպեսզի զբաղվեին բարեգործությամբ, պարտավորված էին փոխանակել արտարժույթը եթովպական ազգային արժույթով, ընդ որում` խայտառակ բարձր գներով:
Արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, որը նման էր հետևյալ օրինակին. դու նվերներ ես գնում մի երեխայի համար, ում ծնողները թմրամոլներ են՝ լավ գիտակցելով, որ նվերը ստանալուն պես երեխայի ձեռքից այն խլվելու է ու վաճառվի, որպեսզի թմրանյութի նոր դոզա գնվի: Նույնն էլ եղավ Եթովպիայում: Իհարկե, որոշ սովյալ երեխաներ փրկվեցին այս օգնության շնորհիվ, բայց անհնար է հաշվել, թե քանիսը մահացան, ու քանիսը սովի մատնվեցին նաև այն փողերի շնորհիվ, որոնք գոյացել էին բարեգործական միջոցների սպեկուլյացիայի արդյունքում:

4. Ֆերմոպիլի ճակատամարտը (300 սպարտացիներ)

Ի՞նչ է ասում պատմությունը...

Պարսից Քսերքսես արքան իրոք առաջնորդել է իր հսկայական բանակը, և նա իրոք փորձել է ներխուժել Հունաստան Ֆերմոպիլյան կիրճով, որտեղ նա իրոք հանդիպել է Սպարտայի Լեոնիդաս արքայի ղեկավարության ներքո գտնվող հունական զորաջոկատին: Հույներն իրոք աննախադեպ խիզախություն ու տոկունություն են դրսևորել, իսկ «սպարտացի» բառը հոմանիշ է դարձել քաջության ու անկոտրելիության: Ի վերջո նրանք բոլորն էլ ընկել են քաջի մահով, բայց նախքան դա ոչնչացրել են հազարավոր պարսիկ զորականների:
Նրանց փառքն այնքան վառ է, որ անգամ բառարանում «սպարտական» բառը ունի հետևյալ իմաստը` «... ծայրաստիճան կարգապահ, քաջ, անվախ ցավի և վտանգի նկատմամբ...»:

Իրականությունը...

Անկախ նրանից, թե ինչքան անձնազոհ էին սպարտացիներն ու իրենց Լեոնիդաս արքան, իրականությունը մի քիչ տարբերվում է տարածված կարծիքից: Նախ և առաջ հույների թիվը եղել է ոչ թե 300, այլ 3000: Պարզապես 300-ը եղել են հենց սպարտացի, իսկ մնացածը եղել են հոււնական այլ պոլիսների զորախմբեր:

Բացի դրանից` հարկ է նշել, որ հույների պատնեշը հաղթահարելուց հետո Քսերքսեսի զորքը բախվեց մի քիչ ուշացած սպարտական բանակին, որը ջախջախեց ու հետ շպրտեց պարսիկների հորդան, ինչը սակայն չխանգարեց, որպեսզի Քսերքսեսը ներխուժի Հունաստան և մեծ ավերածություններ պատճառի երկրին: Պարսիկներին անգամ հաջողվեց գրավել Աթենքը և հողին հավասարացնել այն՝ իր Ակրոպոլիսով հանդերձ:

Ի վերջո հույներին իհարկե հաջողվեց ջախջախել պարսիկներին և վտարել նրանց երկրից, բայց շատերի մոտ տարածված է այն կարծրատիպը, որ հենց Ֆերմոպիլյան ճակատամարտը բերեց հաղթանակի, մինչդեռ այն բացառապես բարոյական դեր է խաղացել, իսկ ռազմական տեսակետից պատերազմի վերջնակետը հանդիսացել է Սալամինի ճակատամարտը:

3. Տետ հարձակումը

Ի՞նչ է ասում պատմությունը...

1968 թվականին Վիետնամական պատերազմն օր օրի ավելի էր էսկալացվում: Հյուսիսային Վիետնամի զինված ուժերը փորձեցին իրականացնել որոշիչ հարձակում, որը պետք է վերջ դներ պատերազմին: Հարձակմանը, որը ստացավ Տետ հարձակում անունը, մասնակցում էր 80 հազարից ավելի կոմունիստ զորական, որոնք միաժամանակ գրոհեցին ավելի քան 100 քաղաքներ և գյուղեր: Սա Վիետնամական պատերազմում մինչ այդ եղած ամենախոշոր ռազմական օպերացիան էր: 

Տետ հարձակումով սկսվեց Վիետնամական պատերազմի շրջադարձը՝ հօգուտ հյուսիսվիետնամական կողմի, իսկ Հարավային Վիետնամում ու հատկապես ԱՄՆ-ում բնակչությունը սկսեց գնալով կորցնել վստահությունն իր իշխանությունների հանդեպ: Ի վերջո, անվստահության ալիքը բերեց նրան, որ ԱՄՆ-ում հասարակությանն անհնար եղավ որևէ կերպ համոզել, որ այդ պատերազմում հնարավոր է հաղթել:

Արդյունքում հանրային կարծիքի ճնշման, ինչպես նաև ամերիկյան բանակում օր օրի ընկնող բարոյահոգեբանական մթնոլորտի ազդեցությունը հաշվի առնելով` Լինդոն Ջոնսոնին փոխարինած Ռիչարդ Նիքսոնը հայտարարեց «Վիետնամացման» քաղաքականության մասին, որի արդյունքում ամերիկյան զորքերը աստիճանաբար սկսեցին դուրս բերվել Վիետնամից, իսկ Հյուսիսը աստիճանաբար սկսեց գրավել Հարավային Վիետնամը: Ադրդյունքը հայտնի է՝ ԱՄՆ-ի ամենաանփառունակ պարտությունը:

Իրականում...

Տետ հարձակումն առաջին հերթին կոմունիստների խոշորագույն պարտությունն էր: Չնայած այն հանգամանքին, որ այն անակնկալի բերեց ամերիկացիներին և նրանց դաշնակից Հարավային Վիետնամի զինված ուժերին, Վիետկոնգը ուժգին հակահարված ստացավ իր հակառակորդներից, որը քիչ մնաց ավարտվեր Հյուսիսային Վիետնամի ողջ բանակի ոչնչացմամբ: Հյուսիսային Վիետնամի կորուստներն այնքան հսկայական էին, որ շատ գեներալներ վստահ էին, որ ևս մի քիչ, ու Հյուսիսի հաղթանակի համար սկսված հարձակումը կարող էր վերածվել պարտության գլխավոր պատճառի:

Իրականում ամերիկյան պարտության պատճառը ոչ թե ձախողված ռազմական օպերացիաներն էին ու Վիետկոնգի փառահեղ հաղթանակները, այլ սեփական հասարակության մեջ տիրող հասարակական դժգոհությունը: Ինչպես հետագայում խոստովանել էր Հյուսիսային Վիետնամի առաջնորդ Հո Շի Մինը, Հյուսիսի գերխնդիրը հանդիսանում էր դիմանալ այնքան, մինչև շարքային ամերիկացիները կհոգնեն իրենց համար անհասկանալի այդ պատերազմից ու կընդվզեն: Ուստի, թեև Տետ հարձակումն ավարտվեց ջախջախիչ պարտությամբ Հյուսիսային Վիետնամի բանակի համար, բայց այն դարձավ հսկայական քաղաքական հաղթանակ, որը կանխորոշեց պատերազմի վերջնական արդյունքը:

2. Դյունկերկի հրաշքը

Ի՞նչ է ասում պատմությունը...

1940 թվականին հիտլերյան կայծակնային պատերազմի հերթական թիրախը դարձավ Ֆրանսիան: Ընդամենը 40 օրում նացիստները ծնկի բերեցին Ֆրանսիայի հզորագույն բանակը, որին աջակցում էր նաև բրիտանական էքսպեդիցիոն կորպուսը: Դաշնակիցների ուժերը նահանջելով հասել էին Լա Մանշի ափերին և սկսել էին կուտակվել այստեղ:

Ուժերի գերլարումով բրիտանացիներին հաջողվեց 300.000 զինվորի էվակուացնել ֆրանսիական ափից և դրա համար ներգրավեցին յուրաքանչյուր մարդու, ով ուներ ջրային տրանսպորտ՝ ընդհուպ մինչև փոքրիկ ձկնորսական մակույկների տերերին: Մոտ 850 տարբեր չափսի նավեր տքնաջանորեն փոխադրում էին շրջափակման վտանգի առջև կանգնած զորքերը դեպի բրիտանական ափ: Փրկարարական այս օպերացիան ստացավ Դյունկերկի հրաշք անվանումը:

Բրիտանական թերթերը լույս տեսան «Նրանք վերադարձան կեղտոտ, սոված, բայց չպարտված» տիպի խորագրերով: Չերչիլն անձամբ հանդիպեց Դյունկերկից էվակուացված զորքերի հետ և արտասանեց իր հայտնի «Մենք պետք է մարտնչեք նրանց հետ ծովափերին» ճառը: Չնայած նրան, որ սա ակնհայտորեն հաղթանակ չէր, բայց տպավորություն էր, որ բրիտանական հանրությունը դա չի գիտակցում:

 

Շուտով անգլիական թերթերի հռետորաբանությանը ձայնակցեցին ամերիկյան առաջատար թերթերը, ովքեր փառաբանում էին դաշնակիցների քաջությունը և «Դյունկերկյան հոգին»: Թերթերը հասան նրան, որ հասարակ մարդիկ էլ իրար հետ շփվելուց արդեն խոսում էին Դյունկերկի մասին` որպես մեծ հաղթանակի, այլ ոչ թե խայտառակ պարտության: 

Իրականում...

Միևնույն ժամանակամիջոցին գերմանական թերթերը հաղորդեցին. «Դյունկերկն ընկավ»

Բացի նրանից, որ գերմանացիները հաղթել էին ճակատամարտում, միայն եռօրյա կանգառը թույլ տվեց դաշնակիցներին հանել իրենց զորքերի մի մասը թակարդից, այն էլ ողջ ծանր սպառազինությունն ու տեխնիկան գերմանացիների տրամադրության տակ թողնելու հաշվին: Եվ խոսքը ոչ թե ինչ-որ սիմվոլիկ քանակությամբ սպառազինության ու տեխնիկայի մասին է, այլ ոչ ավել, ոչ պակաս 8-10 դիվիզիա զինելու համար բավարար զենք-զինամթերքի: Գերմանացիների ձեռքն ընկավ 84.000 միավոր մեքենա և 657 հազար տոննա ռազմամթերք:

Արդյունքում բրիտանական բանակը մնաց գրեթե առանց սպառազինության, իսկ Դյունկերկը մղձավանջ էր իրականում՝ ծայրից ծայր, և միակ սփոփիչ փաստն այն էր, որ կարող էր էլ ավելի վատ լիներ, բայց դե հայերս նման իրավիճակներում ասում ենք` «թրիք» սրտին՝ «թրիք» մխիթարանք:

1. Նավապետ Սքոթի արշավը Հարավային բևեռ

Ի՞նչ է ասում պատմությունը...

Նավապետ Ռոբերտ Ֆալկոն Սքոթը որոշեց հասնել Հարավային բևեռ: Հարավային բևեռը՝ Անտարկտիդան, ինչպես առաջ, այնպես էլ հիմա խիստ ցուրտ ու ոչ բարեհամբույր վայր է, իսկ 19-րդ դարում արված առաջին արշավները ձախողվել էին: Նավապետ Սքոթը հավաքեց մի անձնակազմ, որը բաղկացած էր լավագույնների լավագույններից ու ընգրկում էր անգամ նախորդած ձախողված արշավի մասնակիցներից մեկին՝ Էռնեստ Շաքլեթոնին: Իսկ մոտիվացիան պարզ էր. եթե արշավը հաջողությամբ պսակվեր, ապա դրա բոլոր մասնակիցները համաշխարհային հռչակ ձեռք կբերեին:

Սքոթին զուգահեռ իր արշավն էր նախապատրաստում Ռոլանդ Ամուդսենը, և այս ամենը շատ շուտով վերածվեց մրցարշավի այս երկու ճանապարհորդների միջև: Սքոթի արշավն աննախադեպ մանրակրկիտ էր պլանավորված, բայց ցավոք սրտի, պլանները ձախողվելու հատկություն ունեն: Իրենց դերը խաղացին իրարամերժ հրամանները, հաղորդակցության խնդիրները, փոխադրման վերաբերյալ պայմանավորվածությունները չկատարելը:

Այնուամենայնիվ, Սքոթը կարողացավ հասնել Հարավային բևեռ, չնայած ծագած բոլոր խնդիրներին: Ողջ խնդիրը նրանում է, որ նա չկարողացավ վերադառնալ. Սքոթն ու իր ողջ թիմը մահացան՝ ցրտահարվելով իրենց վրաններում:

Պատմությունը մատուցվեց այնպես, ինչպես կմատուցվեր Նիլ Արմսթրոնգի մահվան լուրը, եթե նա մահանար լուսնի վրայից վերադառնալու ճանապարհին: Սքոթին հերոսացրին և դարձրին Բրիտանիայի ազգային հերոս: 50 տարի շարունակ Սքոթի պատվին արձաններ էին կանգնեցնում և փողոցներ էին կոչում նրա անունով: Անգամ նրա կնոջը շնորհվեց ասպետի կոչում, քանի որ հետմահու այս կոչումը չեն շնորհում: Սքոթի անունը ստացավ Քեմբրիջի համալսարանի հետազոտական ինստիտուտը, իսկ 1948 թվականին նկարահանվեց ֆիլմ՝ Նավապետ Սքոթի մասին... Եվ այսպես շարունակ...


Իրականում...

Իրականում, Սքոթը պարտվեց Հարավային բևեռ հասնելու իր մրցավազքում: Ինչպես արդեն նշեցի, Սքոթի արշավին զուգահեռ իր արշավն էր ձեռնարկել Ամուդսենը: Երբ Սքոթը ժամանել էր Անտարկտիդայի ափերի մոտ, նա հայտնաբերել էր, որ Ամուդսենը իրենից ամբողջ 5 շաբաթ շուտ է դա արել:

Ամուդսենը վերադարձավ իր հաջող արշավից, որը նրա վրա այդքան թանկ չնստեց, որքան Սքոթի և Սքոթի թիմի վրա, բայց նա ավելի քիչ ճանաչում վաստակեց իր հաջողության համար, քան Սքոթն՝ իր անհաջողության: Իրականում Ամուդսենի ու Սքոթի պատմությունը հիշեցնում է Քուրթ Քոբեյնի ու Բիլլի Քորգանի պատմությունը: Ասել է թե` ոչինչ այդքան չի ռոմանտիզացնում ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին, որքան դա անում է նրանց մահը: Կամ մեկ այլ օրինակ. ի՞նչ եք կարծում, ո՞վ կհիշեր այսօր«Տիտանիկի» անունը, եթե այն չխորտակվեր ու հաջողությամբ շարունակեր նավարկությունները, ինչպես դա անում էր իր ավելի քիչ հայտնի երկվորյակը՝ «Օլիմպիկը»...

 

Ամուդսենը, ով գուցե մի քիչ դառնացած էր նման վերաբերմունքից, հետագայում ասել է. «Հաղթանակը սպասում է նրան, ում մոտ ամեն ինչ նախապատրաստված է. մարդիկ դրան բախտ են ասում: Պարտությունը կանխորոշված է նրա համար, ով ժամանակին չի տեսել անհրաժեշտ նախապատրաստություն. մարդիկ անբախտություն են կոչում դա»:

Սքոթը գուցե ավելի ճոխ միտք կարողանար ձոնել աշխարհին, բայց քանի որ նա մահացել էր, ուրեմն համարենք, որ Ամուդսենը ճիշտ էր:

Просмотров: 648 | Добавил: Aray | Теги: որոնք պատմաբանները որպես հաղթանակ ե, 5 նվաստացուցիչ ձախողում | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: