Главная » 2014 » Սեպտեմբեր » 22 » Աղձքում Հայոց պետականության թանգարան բացելու առաջարկն ընդունվել է միաձայն, ըստ պատգամավորների՝ սա պատմական պահ է
21:34
Աղձքում Հայոց պետականության թանգարան բացելու առաջարկն ընդունվել է միաձայն, ըստ պատգամավորների՝ սա պատմական պահ է

Աղձքում Հայոց պետականության թանգարան բացելու առաջարկն ընդունվել է միաձայն, ըստ պատգամավորների՝ սա պատմական պահ է

 

Հնագետների , պատմաբանների ու

վարչապետ Հովիկ
 

Աբրահամյանի այցելությունը Արագածոտնի մարզի Աղձք գյուղ, ոչ միայն գործնականում արդյունավետ է եղել այն իմաստով, որ Կառավարությունը 3 տարով կֆինանսավորի Արշակունյաց թագավորների 364թ. կառուցված դամբարանի և կիսատ մնացած պեղավայրի հետագա աշխատանքները, այլ որովհետև բոլորի կողմից ընդունվել է վերջում այստեղ Հայոց պետականության թանգարան ունենալու առաջարկը: 


Այս մասին Tert.am–ին հայտնեց «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավոր Արագած Ախոյանը, ով հետևողականորեն բարձրաձայնում է Աշտարակի շրջանում՝ նախկին Ձորափ. ներկայումս վերականգնված Աղձք պատմական անունն ունեցող գյուղի տարածքում գտնվող, պատմական տեսանկյունից բացառիկ նշանակություն ունեցող պատմամշակութային կառույցների պեղման, բարեկարգման և աշխարհին այն ըստ արժանվույնս ներկայացնելու անհրաժեշտությունը:


«Այնտեղ պետք է լինի թանգարանային հատված, որտեղ էդ պեղված և պեղվելիք նյութերը տեղադրվեն թանգարանում, ևառաջարկ եղավ, որ այն դառնա Հայոց պետականության թանգարան: Եվ նաև, որ և՛ երդման արարողություններ լինեն, և՛ տարբեր միջոցառումներ լինեն: Եվ դա բոլորի համար կարծես ընդունելի էր»,- նշեց Արագած Ախոյանը:


Նույն բանը կրկնեց նաև նախկինում պեղումներ իրականացրած արշավախմբի ղեկավար Հակոբ Սիմոնյանը, ում կրկին հանձնարարվել են այս աշխատանքները: «Ոչ մի հակասական կարծիք այս առնչությամբ չեղավ: Ու դա բոլորիս կարծիքն է»,- Tert.am-ի հետ զրույցում նշեց հնագետը:


Հիշեցնենք, որ սրբավայրի նկատմամբ բացառիկ վերաբերմունք ուներ սպարապետ Վազգեն Սարգսյանը, ով անգամ ասել էր, որ բոլոր պաշտոնյաներն իրենց երդման արարողությունը պիտի կատարեն ա՛յս դամբարանում, ա՛յս շիրիմների վրա:


Ինչպես Tert.am–ին հայտնեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը, տեղում ներկա հնագետներն ու պատմաբանները, մասնավորապես ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը վարչապետին ու պատգմավորներին հավաստիացրել են, որ իրենք կգտնեն և ի մի կբերեն բոլոր գիտական հիմքերը, որպեսզի հուշարձանների պահպանության միջազգային կառույցներին ներկայացնեն այս հուշարձանը՝ իր ողջ ակունքներով՝ գիտականորեն, փաստարկված ու բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով:
 

Հիշեցնենք, որ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը Tert.am-ի հետ զրույցում նախկինում նշել էր, որ սա բացառիկ հուշարձան է, քանի որ եթե Էջմիածինը մեր հոգևոր-մշակութային արժեքային համակարգում առաջինն է, ապա Արշակունյաց թագավորների գերեզմանը առաջին պետք է համարենք աշխարհիկ իմաստով ու ավելացրել.«Եվ, առհասարակ, հայոց պատմության ամենաերևելի հիշողություններից մեկը: Սա հայոց Արշակունյաց արքաների՝ մի քանի արքաների գերեզմանոց է, որի նմանը չունենք ոչ մի տեղ»:


Մարգարիտ Եսայանը, ի պատասխան հարցի, թե արդյոք դա էր պատճառը, որ պատգամավորները գրեթե ակնթարթային արձագանքեցին հուշարձանի խնդրին ու կարճ ժամանակում լուծումներ գտան (վարչապետը խոստացել է, որ Կառավարությունը նախատեսված պեղումների իրականացման նպատակով առաջիկա 3 տարիների համար անհրաժեշտ միջոցները կհատկացնի), նկատեց.«Նախ, Ձեր նշած մասնագիտական կարծիքին ծանոթ չեմ, որ 2-րդ կարևոր հուշարձանը կարող է լինել, հնարավոր է, որ այդպես է, ես մասնագետ չեմ և չեմ կարող նման պնդում անել: Բայց, երևի, բոլորին է հայտնի, որ Աղձք գյուղի մասին դեռևս հիշատակված է Մովսես Խորենացու «Հայոց պատմությունում» և այդ գյուղի պատմության ու մշակույթի հուշարձաններ դեռ 2002-ին ներառվել են ամենակարևոր 14, թե 15 հուշարձանների ցանկի մեջ»:


Նշենք, որ այդ ցանկում են՝ 4-րդ դարում կառուցված Աղձք ճարտարապետական համալիրը, Արշակունյաց թագավորների 364 թ. կառուցված դամբարանը, 6-7-րդ դարի բազիլիկ եկեղեցի, մ. թ. ա-2-1 հազարամյակի դամբարան ու գերեզմանոց և կոթողներ:


ՀՀԿ-ական պատգամավորն այս առնչությամբ հավելեց.«Համենայն դեպս, Հայաստանում նման թագավորական դամբարանի բացահայտում է արվում, և երեկ ես առիթ ունեցա խոսելու հնագետների ու գրականագետների հետ, որոնք միանշանակ պնդում էին, որ սա իսկապես շատ լուրջ բացահայտում է: Իմ կարծիքով՝ անգամ պատմական պահ, որովհետև մենք սիրում ենք ,չէ՞ հպարտանալ, որ մեր երկիրը թանգարան է բաց երկնքի տակ, բայց մյուս կողմից մենք անխնա ոչնչացնում ենք ու անխնա չենք էլ նկատում այդ պեղավայրի նմուշները»:


«Այս դեպքը հակառակն է ապացուցում, որ մենք փորձում ենք ավելի գուրգուրանքով վերաբերել մեր պատմությանը: Ի պատիվ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պիտի ասենք, որ ինքն առաջինն ականջալուր եղավ պատգամավոր Արագած Ախոյանի կոչին և ցանկություն հայտնեց գալ և իր աչքով տեսնել այդ տարածքը և անմիջապես առաջարկեց կառավարության աջակցությունը»,– ասաց ՀՀԿ–ական պատգամավորը: 


Արագած Ախոյանն իր հերթին մանրամասնեց, որ խոսքը շուրջ 50 միլիոն դրամի մասին է՝ պեղումների մասով և միայն դրանից հետո պարզ կլինի, թե ծրագիրը վերջնական ավարտին հասցնելու համար որքա՞ն գումար է անհրաժեշտ:


«Պեղումներն ավարտին հասցնելուց հետո խնդրելու ենք, որ մասնագետների խորհուրդ ստեղծվի, և՛ ճարտարապետներ, և՛ հնագետներ, որոնք կներկայացնեն առաջարկներ և կընտրվի լավագույն առաջարկը»,- ասաց Արագած Ախոյանը:


Նշենք, որ պեղումներն ավարտին հասցնելը կրկին հանձնարարվել է նախկինում պեղումներ իրականացրած արշավախմբի ղեկավար Հակոբ Սիմոնյանին:


Վերջինս, ի պատասխան հարցի, թե ե՞րբ կվերսկսվեն պեղումները, նկատեց, որ ներկայումս զբաղված են ներկայացվելիք ծրագրի մշակմամբ, և հաստատվելու դեպքում պեղումները կսկսեն 2015-ի սկզբից
:

Просмотров: 434 | Добавил: Aray | Теги: ըստ պատգամավորների՝ սա պատմական պահ, Աղձքում Հայոց պետականության թանգարա | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: