Главная » 2013 » Հոկտեմբեր » 13 » Այս հոդվածը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում գործունեություն ծավալած դիվանագետների մասին է
11:35
Այս հոդվածը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում գործունեություն ծավալած դիվանագետների մասին է

Այս հոդվածը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում գործունեություն ծավալած դիվանագետների մասին է: Պատերազմի տարիներին աշխարհի տարբեր երկրներից դիվանագետները օգնում էին հրեաներին խույս տալ Նացիստական Գերմանիայի հետապնդումներից, և դա նրանց հրաշալիորեն հաջողվում էր:

 1  Ժիլբերտո Բոսկես Սալդիվար 
Մեքսիկա

Gilberto Bosques Saldívar

Ժիլբերտոն Մեքսիկայի հյուպատոսն էր Ֆրանսիայում երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Նրա հյուպատոսարանը գտնվում էր Մարսել քաղաքում: Ժիլբերտոն իր աշխատողներին պատվիրել էր վիզա տրամադրել բոլոր նրանց, ովքեր ապաստան էին որոնում, իսկ ապաստան որոնողների գերակշռող մեծամասնությունը հրեաներն էին: Ավելի քան 40,000 վիզա տրամադրվեց, իսկ Բոսկեն անգամ մի ամրողց էր վարձել Մարսելում, որտեղ ապաստան էր տրամադրվում բոլոր այն փախստականներին, ովքեր գտնվում էին Մեքսիկայի պաշտպանության ներքո: 1943 թ.-ին Սալդիվարն ու իր ընտանիքը, ինչպես նաև Սալդիվարի 40 աշխատակիցները ձերբակալվեցին Գեստապոյի կարգադրությամբ և մեկ տարի ազատազրկվեցին: Նա մեկ տարի անց ազատ արձակվեց, երբ Մեքսիակայի և Գերմանիայի կառավարությունների միջև բանտարկյալների փոխանակման ծրագիր էր անցկացվում: Նա երկար է ապրել, և մահացել է 103 տարեկան հասակում:

 2  Անջելո Ռոտա

Վատիկան

Angelo Rotta

Լինելով Վատիկանի դիվանագետը Բուլղարիայի Սոֆիա քաղաքում` Անջելո Ռոտան փրկել է հազարավոր հրեաների: Նա հրեաներին տրամադրում էր մկրտության կեղծ վկայականներ, որոնց շնորհիվ նրանք կարողանում էին ապահով կերպով տեղափոխվել Պաղեստին:  Թեպետ կեղծ վկայականների տրամադրումը այնպիսի հանցանք էր, որի համար նացիստների կողմից մահապատիժ էր սահմանվում, Ռոտան չվախեցավ և այդքանով չսահմանափակվեց: Երբ Ռոտան Բուդապեշտի դիվանագիտական կորպուսի առաջնորդը դարձավ, նա բուռն դատապարտում էր Հոլոքոստը: Նա անգամ այցելեց աշխատանքային ճամբարները` մկրտության վկայականներ բաժանելու համար: Ռոտան անձամբ ձեռնամուխ եղավ Բուդապեշտի մի շարք ապաստարանների պաշտպանության գործին:

 3  Կառլ Լուտց 

Շվեյցարիա

 Carl Lutz

1942 թ.-ին Լուտցը նշանակվեց Բուդապեշտում Շվեյցարիայի փոխհյուպատոս: Նա «պաշտպանական նամակ» հորինեց, որը նեյտրալիտետ (չեզոքություն) էր ապահովում հրեաների համար:  Կարլը այս նամակները տրամադրել է մոտ 10,000 հրեա երեխաների` թույլ տալով նրանց փախչել-հեռանալ: Երբ Գերմանացիները Բուդապեշտի կառավարումն իրենց ձեռքն առան, Լուտցին հաջողվեց պայմանավորվել Հունգարիայի ավելի քան 8000 հրեաների պաշտպանությունն ապահովելու մասին: Նա անմիջապես ձեռնամուխ եղավ ոչ միայն այդ 8000 անհատների, այլև նրանց ընտանիքների պաշտպանության գործին: Նա կարգադրեց ավելի քան 76 ապաստարաններ կառուցել ամբողջ քաղաքով մեկ և 3000 հրեաների ապաստան տվեց մի շենքում:  Ըստ հաշվարկների` Լուտցը փրկել է ավելի քան 62000 հրեաների:

 4  Արասի դը Կարվալո Գիմարաես Ռոզա

Բրազիլիա

 Aracy de Carvalho Guimarães Rosa

Արասին իր վրա շատ ավելի մեծ պարտականություններ էր վերցրել, քան սոսկ գործավարի պարտականությունները: Նա աշխատում էր Համբուրգում գտնվող բրազիլական դեսպանատան վիզաների տրամադրման բաժնում: Հակառակ իրեն տրվող կարգադրությունների, 1938-1942 թվականներին, երբ Բրազիլիան միացավ Դաշնակից ուժերին, նա վիզաներ էր տրամադրում հրեաներին: Արասին փախստականներին ոչ միայն վիզաներով էր ապահովում, այլև նրանց իր գրպանից գումար և այլ անհրաժեշտ պարագաներ էր տրամադրում դեպի Բրազիլիա ուղևորության համար: Նա անգամ իր սեփական տանն էր հյուրընկալում նրանցից ոմանց: Արասին հազարավոր կյանքեր է փրկել: Գուցե հենց իր բարեգործությունների համար էլ Աստված նրան 102 տարվա կյանք պարգևեց:

 5  Արքեպիսկոպոս Անջելո Ջուզեպե Ռոնկալի  
Վատիկան

 Archbishop Angelo Giuseppe Roncalli

Արքեպիսկոպոս Անջելո Ջուզեպպե Ռոնկալին, ով հետագայում հայտնի դարձավ իբրև Հովհաննես XXIII Պապ, իբրև եկեղեցու պատվիրակ էր ծառայում Թուրքիայում և Հունաստանում: Անջելոն օգտագործեց իր դիրքը` աջակցելով հրեական ընդհատակյա շարժմանը, որի շնորհիվ հնարավոր եղավ փրկել Եվրոպայի հարյուրավոր փախստականներին: Նա հետագայում օգնեց Ստամբուլ ժամանող  հրեա փախստականներին փախչել Պաղեստին` նրանց տրամադրելով գումար, փոխադրամիջոցներ և պարենամթերք: Անջելոն նաև ազատագրեց բազմաթիվ հրեաների Յասենովաց և Սերեդ համակենտրոնացման ճամբարներից` նրանց շնորհելով մկրտության կեղծ վկայականներ: Նա հետագայում Հռոմի Պապ դարձավ և Ավագ ՈՒրբաթի պատարագի ժամանակ նշեց, որ հրեաների մասին տարածված նկարագրությունը թյուր է:    


 6  Խոսե Կաստելիանոս Կոնտրերաս

Սալվադոր

José Castellanos Contreras

Խոսեն աշխատում էր Սալվադորում իբրև Շվեյցարիայի հյուպատոս: Իր գործունեության սկզբում նա Տրանսիլվանիայի մի հրեա բիզնեսմենի և նրա ընտանիքին վիզա է տրամադրել: Այս կերպ նա փրկել է ընտանիքին Գեստապոյի ծառայողներից, որոնք եկել էին նրանց աքսորելու համար: 1942 թ.-ին Ժնևում Սալվադորի գլխավոր հյուպատոս դառնալուց հետո Խոսեն սկսեց հազարավոր վիզաներ տրամադրել փախստականներին` թույլ տալով նրանց փախնել Հարավային Ամերիկա: 1944 թ.-ին Խոսեն օգնում էր հրեաներին թողարկել կեղծ փաստաթղթեր, որպեսզի ավելի շատ հրեաներ կարողանային փրկվել հալածանքներից: 1944 թ.-ին Խոսեն գիտակցեց, որ ինքը չի կարող թողարկել այնքան շատ կեղծ փաստաթղթեր, որ թույլ կտան փրկել հնարավորինս շատ հրեաների: Ուստի նա գաղտնի կերպով կենտրոնական Եվրոպայում հրեաներին անվճար Սալվադորի քաղաքացիության 13,000  վկայական տրամադրեց:   

Իր վերադասների և անշուշտ նացիստների կամքին հակառակ, քաղաքացիության վկայականների տերերին իրավունք էր վերապահվում ապաստարան որոնել Կարմիր Խաչի և Ժնևում Շվեյցարիայի հյուպատոսի օժանդակությամբ: Այս վկայականները փրկեցին հազարավոր հրեաների կյանքեր` կասեցնելով նրանց արտահանձնումը նացիստական մահվան ճամբարներին: Տարածված է այն տեսությունը, որ Կոնտրերասի գործողությունների շնորհիվ փրկվել է 30,000–50,000 մարդ:

 7  Կոնստանտին Քարադջա

Ռումինիա

Constantin Karadja

1931–41 թթ. Բեռլինում Ռումինիայի գլխավոր հյուպատոս աշխատելու տարիներին Քարադջան փրկել է 51.000 մարդու կյանք:  Նա իրավաբանական կրթություն է ստացել և իր ողջ գործունեության ընթացքում անձնվիրաբար ծառայել է մարդու իրավունքների պաշտպանության գործին: Նա մեծ նվիրումով պաշտպանում էր Ռումինիայի քաղաքացիների իրավունքները, անկախ նրանց կրոնից կամ էթնիկ ծագումից:  Պատերազմի ընթացքում նա ջանում էր փրկել հրեաներին` նրանց տրամադրելով հարյուրավոր վիզաներ: Նա գործունեություն էր ծավալում Բեռլինում, Ֆրանսիայում և Հունգարիայում:

Սակայն նա սոսկ վիզաներ չէր բաժանում: 1941 թ.-ի մարտի 7-ին Կոնստանտինը հակադրվեց իր երկրի կառավարության հրամաններին, երբ նրան կարգադրեցին Ռումինիայի հրեաների անձրագրերի մեջ նրանց կրոնական պատկանելիությունը մատնանշող գրառումներ ավելացնել: Եթե նա ենթարկվեր այդ հրամանին, հրեաները հետապնդումների կենթարկվեին, երբ փորձեին փախչել երկրից: Նույն տարում` Ռումինիայի Արտաքին Գործերի Նախարար նշանակվելուց հետո, Քարադջան կարողացավ այնպիսի օրինագիծ ընդունել, որով արտասահմանում բնակվող Ռումինիայի բոլոր քաղաքացիներն անխտիր պաշտպանվում էին:

Փաստ է, որ նա այնքան սրտացավ էր մարդկանց փրկելու համար, որ հենց այդ պատճառով էլ նրան ի վերջո աշխատանքից ազատեցին: Ռումինիայի կառավարությունը հետագայում հրաժարվեց անգամ նրան տալ իր հասանելի թոշակը:

 8  Հիրամ Բինգհեմ IV
ԱՄՆ

Hiram-Bingham-IV-e1380911017722
Հիրամ Բինգհեմ IV-ն աշխատել է իբրև ԱՄՆ Հյուպատոս Մարսելում: Ջանալով պահպանել լավ հարաբերությունները Ֆրանսիայի իշխանության հետ` ԱՄՆ կառավարությունը թույլ չէր տալիս դիվանագետներին աջակցել փախստականներին:  Հիրամը այս տմարդի կանոնին չէր ենթարկվում: 1940 թվականին Հիրամը ապօրինի կերպով ամերիկացի վիպագիր Վարիան Ֆրային կեղծ ճանապարհորդական փաստաթղթեր տրամադրեց: Այս կեղծ փաստաթղթերով Ֆրայն օգնեց շուրջ 2000 հրեաների փախչել Ֆրանսիայից: Ասում են, որ Հիրամը նաև իր տանը ապաստան է տվել մի շարք փախստականների: 1940-ականների վերջերին Բինգեմը սկսեց հրեաների պաշտպանության համար վիզաներ թողարկել: Բինգեմը քաղաքացիություն էր շնորհում նրանց, ովքեր տառապում էին համակենտրոնացման ճամբարներում` նրանց վերցնելով Ամերիկայի հովանու ներքո:   

1941 թ.-ին ԱՄՆ-ի կառավարությունը Բինգեմին ուղարկեց Արգենտինա` ամենայն հավանականությամբ նրանից ազատվելու նպատակով: Հետագայում Բինգեմը ջերմեռանդորեն պայքարում էր պատերազմի նացիստ հանցագործներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար:  

 9  Սելահատին Ուլքումեն 
Թուրքիա

Selahattin Ulkumen

Սելահատինը`Ռոդոսի թուրք հյուպատոսը, գործում էր ի հեճուկս նացիստների ցանկության` միջամտելով 1944 թ.-ի հուլիսի 19-ին Ռոդոսում սկսած հրեաների հետապնդումներին: Ուլքումենը պահանջում էր, որ Թուրքիայի այն հրեաները, որոնց հավաքել էին արտաքսման համար, իր երաշխավորությամբ ազատ արձակվեին, քանզի Թուրքիայի իշխանությունը չպետք է խտրականություն դներ իր քաղաքացիների միջև և պարտավոր էր պաշտպանել իր բոլոր քաղաքացիների իրավունքները անկախ նրանց էթնիկական պատկանելիությունից: Բյուրոկրատական երկարատև քաշքշուկներից հետո Գեստապոն համաձայնվեց հրեաներին ազատ արձակել: Դրանից հետո Ուլքումնեը ամեն կերպ պաշտպանում էր նրան: Հակահարված տալով` գերմանացիները ռմբակոծեցին Թուրքիայի դեսպանատունը` սպանելով Ուլքումենի հղի կնոջը և կալանավորելով Ուլքումենին և նրա ծառայակիցներին: Նրանք ազատազրկման մեջ մնացին մինչև պատերազմի ավարտը: Այնուամենայնիվ, Ուլքումենի այս զոհաբերության շնորհիվ հազարավոր մարդկային կյանքեր փրկվեցին:

 10  Ֆրիդրիխ Բորն 
Շվեյցարիայի Կարմիր Խաչ

holocaust1
1944 թվականի մայիսից մինչև 1945 թվականի հունվար ամիսը Ֆրիդրիխը Բուդապեշտի Կարմիր Խաչի պատվիրակն էր: Կառլ Լուտցի օրինակին հետևելով` Ֆրիդրիխը նույնպես փրկեց հարյուրավոր հրեաների: Նա ավելի քան 3000 հրեաների իր մոտ աշխատանքի ընդունեց և քաղաքի տարբեր ապաստարանները հռչակեց իբրև Կարմիր Խաչի հովանու ներքո գտնվող շինություններ: Դեռ ավելին, նա ավելի քան 15,000 պաշտպանության փաստաթղթեր շնորհեց հրեաներին, որոնց շնորհիվ հնարավոր եղավ կանխել Հունգարիայի հրեաների արտաքսումը: Ֆրիդրիխը մեծ ծառայություն է մատուցել Կարմիր Խաչին` փրկելով 11,000-15,000 մարդկային կյանք: 

Просмотров: 805 | Добавил: Aray | Теги: Այս հոդվածը երկրորդ համաշխարհային պ | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: