Главная » 2015 » Ապրել » 15 » Երկրորդ Համաշխարհային պատերազմն ինչպես որ է
21:03
Երկրորդ Համաշխարհային պատերազմն ինչպես որ է

Երկրորդ Համաշխարհային պատերազմն ինչպես որ է

ԽՍՀՄ

Երկրորդ աշխարհամարտը ծագել է իմպերիալիստական տերությունների միջև քաղաքական, տնտեսական և գաղափարական հակասությունների սրման հետևանքով: Ֆաշիստական Գերմանիան, Իտալիան և Ճապոնիան պայքարել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի քաղաքական տիրապետող դիրքերը թուլացնելու և աշխարհի նոր վերաբաժանման նպատակով: Կարևոր խնդիր էր նաև Խորհրդային Միության տապալումն ու կոմունիստական վտանգի վերացումը:

 

Անգլիայի և Ֆրանսիայի հիմնական նպատակն իրենց քաղաքական և տնտեսական տիրապետող դիրքերը պահպանելն էր և «Բեռլին–Հռոմ–Տոկիո առանցքի» համաշխարհային տիրապետության հասնելու ծրագրերը ձախողելը: Թեև պատերազմի առաջին փուլում (1939 թ. սեպտեմբերի 1-ից 1941թ. հունիսի 22) ԱՄՆ-ը պաշտոնապես չեզոք դիրք էր գրավել, սակայն համակրում էր անգլո-ֆրանսիական խմբավորմանը: Պատերազմի սկզբում Գերմանիան 100-ից ավել դիվիզիա, 4400 ինքնաթիռ և մոտ 100 խոշոր նավեր ու սուզանավեր ուներ:

1939 թ. սեպտեմբերի 1-ի առավոտյան գերմանական զորքերը ներխուժեցին Լեհաստան: Ֆաշիստական Գերմանիայի առաջին զոհը եղավ Լեհաստանը։ Լեհաստանի դեմ ռազմական գործողություններ պատրաստելով՝ Հիտլերը դեռ 1939թ. ապրիլին նշել էր, որ անհրաժեշտ է «հարձակվել Լեհաստանի վրա առաջին իսկ հնարավորության դեպքում»։ Նա և իր զինակիցները վստահ էին, որ Անգլիան և Ֆրանսիան այս անգամ ևս ագրեսիայի թիրախին գործնական օգնություն ցույց չեն տա և Լեհաստանը պատերազմի պատճառ չի դառնա։ 1939թ. օգոստոսի 22-ին Օբերզալցբուրգում գերմանական բարձրագույն զինվորական հրամանատարության հետ ունեցած հանդիպման ժամանակ Հիտլերը հայտարարել էր. «Ես այժմ Արևելք եմ ուղարկում իմ «մահվան ջոկատները», որոնց հրամայված է առանց խղճահարության ու ներողամտության սպանել լեհ ցեղին պատկանող և լեհերեն խոսող բոլոր տղամարդկանց, կանանց և երեխաներին։ Միայն այս ճանապարհով մենք կշահենք այն կենսական տարածքը, որ մեզ անհրաժեշտ է… Ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին:»

1939թ. սեպտեմբերի 1-ի առավոտյան գերմանական զորքերը ներխուժեցին Լեհաստան։ Այդ տարեթիվը պաշտոնապես ընդունված է որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը։ Նույն օրը երեկոյան Գերմանիային հանձնվեց Անգլիայի և Ֆրանսիայի բողոքի նոտան։ Վերջիններս սպառնացին, որ եթե Գերմանիան չդադարեցնի ռազմական գործողությունները և իր զորքերը դուրս չբերի Լեհաստանի տարածքից, ապա նրանք կկատարեն Լեհաստանի հանդեպ իրենց պարտավորությունները։ Խոսքն այստեղ այն մասին էր, որ 1939թ. օգոստոսի 25-ին Անգլիայի և Լեհաստանի միջև ստորագրվել էր փոխադարձ օգնության պայմանագիր։ Համանման պայմանագիր էր կնքվել նաև Ֆրանսիայի և Լեհաստանի միջև։ Սակայն Գերմանիան, հաշվի չառնելով վերջնագրի բնույթ կրող անգլո-ֆրանսիական նոտան, շարունակեց իր հարձակվողական գործողությունները։

1939թ. սեպտեմբերի 3-ին Անգլիան և Ֆրանսիան պատերազմ հայտարարեցին Գերմանիային։ Ավստրալիան, Նոր Զելանդիանն, Կանադան և Հարավաֆրիկյան Միությունը ևս պատերազմ հայտարարեցին Գերմանիային։ Սակայն Հիտլերը վստահ էր, որ Անգլիան և Ֆրանսիան լուրջ քայլերի չեն դիմի Լեհաստանը փրկելու համար, և նա չսխալվեց։ Անգլո-ֆրանսիական սպառնալիքները խոսքից այն կողմ չանցան։ Նրանք ոչինչ չձեռնարկեցին գերմանական ագրեսիան սանձելու և իրենց դաշնակցին իրական օգնություն ցույց տալու համար։ Լեհաստանը գերմանական հզոր ռազմական մեքենայի առջև միայնակ մնաց։ Նա նաև այլ երկրներից չէր կարող օգնություն ակնկալել։ Գերմանիայի հարձակումից անմիջապես հետո ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ն հայտարարեցին իրենց չեզոքության մասին։ Սեպտեմբերի կեսերին Գերմանիան արդեն գրավել էր Լեհաստանի տարածքի համարյա կեսը: Վերջինիս ռազմաքաղաքական պարտությունն այլևս ոչ մի կասկած չէր հարուցում։ Հենց այդ պահին խաղի մեջ մտավ Խորհրդային Միությունը:

Այդ շրջանում ակնհայտ էր Լեհաստանի ռազմաքաղաքական պարտությունը: Խորհրդային Միությունը, որը պատերազմի առաջին փուլն օգտագործեց իր տարածքներն ընդարձակելու և միջազգային դիրքերն ուժեղացնելու համար, 1939թ. սեպտեմբերի 17-ին զորքեր մտցրեց Լեհաստան և 12 օրում 250–300 կմ. առաջ շարժվեց, գրավեց Արևմտյան Ուկրաինան ու Արևմտյան Բելոռուսիան, որոնք Լեհաստանին էին անցել 1920թ.-ին: 1939թ. նոյեմբերի սկզբին այդ շրջանները մտան, համապատասխանաբար, ուկրաինական և բելոռուսական ԽՍՀ-ների կազմերի մեջ:

Խորհրդային Միությունն իր հյուսիսային սահմանների և Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) անվտանգությունն ապահովելու պատրվակով 1939թ. նոյեմբերի 30-ին պատերազմ սկսեց Ֆինլանդիայի դեմ, որը բողոքի մեծ ալիք առաջացրեց աշխարհում, և դեկտեմբերի 14-ին Ազգերի լիգան ԽՍՀՄ-ին, որպես ագրեսորի, վտարեց իր կազմից: Խորհրդային Միությանը մեծ զոհողությունների գնով հաջողվեց որոշ հաջողությունների հասնել և 1940թ. մարտի 12-ին ստորագրված հաշտության պայմանագրով ստանալ Կարելական պարանոցը՝ հարակից տարածքով հանդերձ: Հունիսին ԽՍՀՄ-ի մաս դարձան Բեսարաբիան և Հյուսիսային Բուկովինան, որոնք Ռումինիային էին պատկանում: 1940թ. ամռանը Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի հարաբերությունները սրվեցին ԽՍՀՄ-ի հետ. ԽՍՀՄ-ը մտահոգ էր, որ նրանք կարող են Գերմանիայի, Անգլիայի ու Ֆրանսիայի հակախորհրդային քաղաքականության հենակետեր դառնալ: Հունիսին Խորհրդային Միության միջամտությամբ այդ երկրներում պետական հեղաշրջումներ տեղի ունեցան, հաստատվեցին խորհրդային կարգեր, և օգոստոսին բավարարվեց ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտնելու նրանց խնդրանքը:

Անգլիան ու Ֆրանսիան, գտնվելով պատերազմական իրավիճակում և ունենալով թվային գերակշռություն, այնուամենայնիվ, ռազմական գործողություններին չէին մասնակցում: Արևմտյան ճակատում ստեղծված յուրահատուկ իրադրության պատճառով մոտ 9-ամսյա այդ փուլը կոչվեց «տարօրինակ պատերազմ»: Գերմանիան ընդամենը 2 օրվա ընթացքում՝ 1940 թ. ապրիլի 9-10-ը, գրավեց Դանիան և Նորվեգիան: Մայիսին Արևմտյան ռազմաճակատում կենտրոնացրեց իր գլխավոր ռազմական ուժերը՝ 136 դիվիզիա (3,3 մլն զինվոր), 2600 տանկ, 3600 ինքնաթիռ և ռազմական այլ տեխնիկա:

1940թ. մայիսի 10-ին գերմանական զորքերն անցան Բելգիայի, Հոլանդիայի, Լյուքսեմբուրգի սահմանները և ներխուժեցին Ֆրանսիա։ Շուտով գերմանացիները հարձակում սկսեցին Փարիզի ուղղությամբ։ Ֆրանսիական բանակն ի վիճակի չեղավ որևէ լուրջ դիմադրություն ցույց տալ, և հուլիսի 14-ին Փարիզն անձնատուր եղավ։ Ֆրանսիայի նոր կառավարության ղեկավար մարշալ Պետենը դիմեց Գերմանիային՝ հաշտության նպատակով։

Ֆրանսիայի անձնատուր լինելու ակտը ստորագրվեց 1940թ. հունիսի 22-ին։ Ֆրանսիան բաժանվեց երկու գոտիների՝ Հյուսիսային և Հարավային։ Հյուսիսային գոտին օկուպացրեց Գերմանիան, իսկ Հարավային Ֆրանսիայում ստեղծվեց մի կառավարություն, որը ենթարկվում էր «նախագահ» Պետենին։ Պետենը համագործակցում էր գերմանացիների հետ, ուստի՝ դասվեց ազգային դավաճանների շարքը։ Ֆրանսիական մի խումբ հայրենասերներ, սակայն, գեներալ Շառլ դը Գոլի գլխավորությամբ, չընդունեցին անձնատուր լինելու ակտը։ Գեներալ Շառլ դը Գոլը Լոնդոնի ռադիոյով կոչ արեց բոլոր հայրենասեր ֆրանսիացիներին շարունակել պայքարը հիտլերյան զավթիչների դեմ և միավորվել «Ազատ Ֆրանսիայի» շարժման շուրջ:

Անգլիայի ռմբակոծումը սկսվեց 1940թ. օգոստոսին: Ամիսներ շարունակ գերմանական ռազմական օդուժը ռմբակոծում էր Լոնդոնն ու բրիտանական մյուս քաղաքները: Սակայն նրանց օդում չհաջողվեց հասնել գերակայության, որն Անգլիա ներխուժելու հնարավորություն կտար: Գերմանական զորքերը 1940թ. հոկտեմբերի 12-ին մտան Ռումինիա և այն նոյեմբերի 23-ին միացավ ֆաշիստական խմբավորմանը (նոյեմբերի 20-ին այդ խմբավորմանն էր միացել Հունգարիան), իսկ 1941թ. մարտին նրանց միացավ նաև Բուլղարիան: Գերմանիան ապրիլի 6-ին հարձակվեց Հարավսլավիայի և Հունաստանի վրա: Ապրիլի 17-ին անձնատուր եղավ հարավսլավական բանակը, իսկ 29-ին գերմանական զորքերը մտան Աթենք: 1941թ. առաջին կեսին գրեթե ողջ ցամաքային Եվրոպան նվաճված կամ կախման մեջ էր գտնվում ֆաշիստական խմբավորումից: 1940–41թթ.-ին պատերազմական գործողությունները 2 հակադիր խմբավորումների միջև ծավալվեցին նաև Աֆրիկայի հյուսիսային և արևելյան շրջաններում: Թեև 1939թ. օգոստոսի 23-ին ստորագրվել էր խորհրդա-գերմանական 10 տարի ժամանակով չհարձակման պայմանագիր, սակայն Հիտլերը 1940թ. վերջերին հաստատեց ԽՍՀՄ-ի վրա հարձակվելու իր պլանը՝ «Բարբարոս» ծածկանվամբ:

ԽՍՀՄ ղեկավար Ստալինը համոզված էր, որ Գերմանիան 1941թ. ընթացքում չի հարձակվի ԽՍՀՄ-ի վրա և պատերազմի մասին խոսակցությունները համարում էր սադրանք: Բայց Գերմանիան, Մեծ Բրիտանիան նվաճելու փոխարեն, 1941թ. հունիսի 22-ի վաղ առավոտյան, առանց պատերազմ հայտարարելու, հարձակվեց Խորհրդային Միության վրա: ԽՍՀՄ-ի դեմ ռազմական գործողություններ սկսեցին նաև Ռումինիան ու Ֆինլանդիան, պատերազմ հայտարարեցին Իտալիան և Սլովակիան, իսկ հունիսի 27-ին՝ Հունգարիան: Իսպանիան թեև հայտարարել էր իր չեզոքության մասին, սակայն գեներալ Ֆրանկոն խորհրդա-գերմանական ճակատ ուղարկեց «Երկնագույն դիվիզիան»: Գերմանիայի դաշնակիցն էր նաև Բուլղարիան: Սկսվեց խորհրդային ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմը: Գերմանիան իր դաշնակիցներով խորհրդային երկրի դեմ 190 դիվիզիա, մեծաքանակ ժամանակակից ռազմական տեխնիկա՝ հրետանի, տանկեր, ինքնաթիռներ էր կենտրոնացրել:

Պատերազմական գործողությունները ծավալվեցին Բալթիկ ծովից մինչև Սև ծով: Հայրենական մեծ պատերազմի սկզբին ԽՍՀՄ-ը պատրաստ չէր թշնամուն հակահարված տալ և կանգնեցնել երկրի սահմաններում: Հազարավոր սպաների բանտարկության հետևանքով խիստ թուլացել էր բանակը: Գերմանաֆաշիստական զորքերը գրավեցին Մերձբալթիկան և շրջափակեցին Լենինգրադը, տիրեցին Կիևին, Խարկովին և Դոնբասի հանքերի մեծ մասին, իսկ սեպտեմբերին մոտեցան Մոսկվային:

Խորհրդային հրամանատարությանը, Ստալինի գլխավորությամբ, հաջողվեց բոլոր ուժերը հավաքագրել և հակահարձակման անցնել: Մոսկվայի ճակատամարտում (1941թ. դեկտեմբերի 5-1942թ. ապրիլի 20) Երկրորդ աշխարհամարտում Գերմանիան առաջին խոշոր պարտությունը կրեց, որով և ձախողվեց հիտլերականների «Կայծակնային պատերազմի» («Բլիցկրիկ») ծրագիրը, ինչպես նաև հօդս ցնդեց Գերմանիայի անպարտելիության մասին առասպելը: Սակայն կրած պարտությունից հետո գերմանացիներին հաջողվեց ուշքի գալ, հակահարձակման անցնել և դուրս գալ Վոլգայի ափերը’ Ստալինգրադի (այժմ՝ Վոլգոգրադ) մատույցները:

Ստալինգրադի ճակատամարտի ելքը կարևոր էր ինչպես ընդհանուր պատերազմի ճակատագրի, այնպես էլ Այսրկովկասի, հատկապես Հայաստանի համար: Թուրքիան 26 դիվիզիա էր կենտրոնացրել սահմանի մոտ և պատրաստ էր Ստալինգրադի անկման դեպքում ներխուժել Հայաստան և Այսրկովկաս, որը կարող էր ողբերգական հետևանքներ ունենալ հայ ժողովրդի համար: Խորհրդային զորքերը 1942թ. նոյեմբերի 19-ին հակահարձակման անցան և շրջապատեցին գերմանացիների ստալինգրադյան խմբավորումը (22 դիվիզիա՝ մոտ 330 հզ. զինվոր ու սպա), որը 1943թ. փետրվարի 2-ին ծանր կորուստներից հետո անձնատուր եղավ: Հունվարին խորհրդային զորքերը ճեղքեցին Լենինգրադի շրջափակման օղակը, իսկ հուլիս-օգոստոսին կարևոր հաղթանակ տարան Կուրսկի ճակատամարտում: Հաղթանակները Ստալինգրադի և Կուրսկի ճակատամարտերում արմատական բեկում մտցրին Երկրորդ համաշխարհային պատերազմում:

Պարտիզանական պայքարը (ԽՍՀՄ տարածքում) և Դիմադրության շարժումը (ֆաշիստների զավթած եվրոպական երկրներում ազգային-ազատագրական, հակաֆաշիստական շարժում) լայնորեն ծավալվեցին: 1941թ. դեկտեմբերի 7-ի առավոտյան ճապոնական ռազմանավերը և օդուժը հանկարծակի հարձակվեցին Հավայան կղզիների ամերիկյան Փըրլ Հարբոր ռազմածովային հենակայանի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և Նիդեռլանդների խաղաղօվկիանոսյան տիրույթների վրա: Հաջորդ օրը ԱՄՆ-ը և Անգլիան պատերազմ հայտարարեցին Ճապոնիային: Դեկտեմբերի 11-ին ԱՄՆ-ին պատերազմ հայտարարեցին Գերմանիան և Իտալիան: ԱՄՆ-ն իր հերթին պատերազմ հայտարարեց նրանց:

Մինչև 1942թ. գարունը ճապոնացիները գրավեցին Թաիլանդը, Ֆիլիպինները, Մալայան, Բիրման, Ինդոնեզիան, Սինգապուրը, Հոնկոնգը և ներխուժեցին Հարավարևմտյան Չինաստան ու Արևելյան Հնդկաստան: 1941թ. վերջերին-1942թ. կեսերին ձևավորվեց հակահիտլերյան կոալիցիա (միություն), որի առանցքը ԽՍՀՄ-ը, ԱՄՆ-ը և Անգլիան էին: Պատերազմի ավարտին կոալիցիայում ավելի քան 50 պետություն կար:

Բայց դրանից հետո էլ պատերազմի գլխավոր ծանրությունը շարունակում էր կրել Խորհրդային Միությունը: ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, ԽՍՀՄ-ի ղեկավարների (Ֆրանկլին Ռուզվելտ, Ուինսթոն Չերչիլ, Իոսիֆ Ստալին) մասնակցությամբ 1943թ. նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը Թեհրանում գումարվեց խորհրդաժողով: Օրակարգում Եվրոպայում Գերմանիայի դեմ երկրորդ ճակատի բացման հարցն էր, որի շուրջ դաշնակիցների միջև տարաձայնություններ կային: Որոշվեց, որ ԱՄՆ-ը և Անգլիան երկրորդ ճակատ կբացեն և մինչև 1944թ. մայիսը կներխուժեն Ֆրանսիա:

Չերչիլը շատ էր մտահոգված Թուրքիայի ճակատագրով և փորձում էր Ստալինից Թուրքիայի նկատմամբ ագրեսիվ քայլեր չձեռնարկելու հավաստիացում կորզել: Նա ձգտում էր Թուրքիային զերծ պահել ԽՍՀՄ-ի վրեժխնդրությունից և պահպանել այն իբրև ռուսների՝ դեպի Մերձավոր Արևելք ու Միջերկրական ծով առաջխաղացման դեմ պատնեշ: 1944թ. հունիսի 6-ին, ի վերջո, բացվեց երկրորդ ճակատը. անգլիական և ամերիկյան զորքերը, գեներալ Էյզենհաուերի (ԱՄՆ) հրամանատարությամբ, հաջողությամբ անցան Լա Մանշ նեղուցը և ֆրանսիական ափ դուրս եկան: Օգոստոսի 19-ին Փարիզում սկսված հակաֆաշիստական ապստամբությունը մի քանի օր անց հաղթանակով պսակվեց: Հոկտեմբերի 23-ին ԱՄՆ-ը, Անգլիան և Խորհրդային Միությունը ճանաչեցին Ֆրանսիայի ժամանակավոր կառավարությունը՝ գեներալ Շառլ դը Գոլի գլխավորությամբ:

Խորհրդային զորքերը, ազատագրելով ԽՍՀՄ տարածքը, ռազմական գործողությունները տեղափոխեցին ֆաշիստական զորքերի գրաված երկրներ: Ռազմական գործողությունները ղեկավարում էին զորահրամանատարներ Գեորգի Ժուկովը, Ալեքսանդր Վասիլևսկին, Իվան Կոնևը, Կոնստանտին Ռոկոսովսկին, Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը և ուրիշներ: 1944թ. հոկտեմբերին ամերիկյան զորքերը սկսեցին ճապոնացիներից Ֆիլիպինների ազատագրումը: 1945թ. սկզբներին ակնհայտ էր, որ Գերմանիայի պարտությունը ամիսների հարց է: Իրենց ռազմաքաղաքական ծրագրերը համաձայնեցնելու նպատակով կոալիցիայի 3 պետությունների ղեկավարները 1945թ. փետրվարի 4–11-ը Յալթայում (Ղրիմ) երկրորդ խորհրդաժողովը հրավիրեցին, որտեղ նաև որոշում ընդունվեց Միավորված ազգերի կազմակերպություն ստեղծելու վերաբերյալ և հանձնարարվեց 1945թ. ապրիլի 25-ին Սան Ֆրանցիսկոյում հիմնադիր ժողով գումարել:

1945թ. ապրիլի 16-ին խորհրդային զորքերը սկսեցին Բեռլինի գրոհը: Ապրիլի 25-ին ամերիկյան և խորհրդային զորամիավորումները հանդիպեցին Էլբայի ափերին: Ապրիլի 30-ին հայտնի դարձավ, որ Հիտլերն ինքնասպան է եղել: Երկու օր անց հանձնվեց Բեռլինը: Մայիսի 8-ի’ լույս 9-ի գիշերը ստորագրվեց Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի ակտը: Եվրոպայում պատերազմն ավարտվեց (Իտալիան 1943թ. դուրս էր եկել պատերազմից): Ավարտվեց նաև Հայրենական Մեծ պատերազմը: Խորհրդային կառավարության որոշմամբ՝ մայիսի 9-ը երկրում հայտարարվեց տոն՝ Մեծ հաղթանակի օր:

1945թ. հուլիսի 17-ից օգոստոսի 2-ը Պոտսդամում (Բեռլինի մոտ) հակահիտլերյան կոալիցիայի 3 տերությունների երրորդ խորհրդաժողովը գումարվեց: Մասնակցում էին ԱՄՆ-ի նոր նախագահ Հարրի Տրումենը (փոխարինել էր ապրիլի 12-ին հանկարծամահ եղած Ֆ. Ռուզվելտին), Ի. Ստալինը: Անգլիան հուլիսի 17–25-ը ներկայացնում էր Ու. Չերչիլը, ապա՝ նոր վարչապետ Կլեմենտ Էտլին: Խորհրդաժողովում հաստատվեցին Գերմանիայի նկատմամբ վարվող քաղաքականության գլխավոր սկզբունքները՝ ապառազմականացում, նացիզմի վերացում և ժողովրդավարացում: Որոշվեցին Լեհաստանի նոր սահմանները. նրան հանձնվեցին նախկինում Գերմանիայի տիրապետության տակ գտնվող որոշ տարածքներ: ԽՍՀՄ-ին հանձնվեց Քյոնիգսբերգը (1946թ.-ից՝ Կալինինգրադ): Խորհրդային Միությունը հավաստեց իր՝ Ճապոնիայի դեմ պատերազմի մեջ մտնելու պատրաստակամությունը: Պոտսդամում խորհրդային պատվիրակությունն արծարծեց Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18թթ.) ժամանակ Թուրքիայի զավթած հայկական տարածքները հետ վերադարձնելու հարցը: Սակայն Անգլիան և ԱՄՆ-ը դա չպաշտպանեցին:

1945թ. օգոստոսի 6-ի առավոտյան ամերիկյան ռմբակոծիչները, մարդկության պատմության մեջ առաջին անգամ, ատոմային ռումբ նետեցին Ճապոնիայի Հիրոսիմա, իսկ օգոստոսի 9-ին՝ Նագասակի քաղաքների վրա՝ դրանք մոխրի ու ավերակների կույտի վերածելով: Օգոստոսի 8-ին ԽՍՀՄ-ը հայտարարեց, որ օգոստոսի 9-ից պատերազմ է սկսում Ճապոնիայի դեմ: Խորհրդային զորքերն անցան հարձակման Հեռավոր Արևելքում կենտրոնացված 1 միլիոնանոց Կվանտունյան բանակի դեմ: Սեպտեմբերի 2-ին Ճապոնիան անձնատուր եղավ: Դրանով Երկրորդ համաշխարհային պատերազմն ավարտվեց: Պատերազմում ներգրավվել էր 61 երկիր՝ 1,7 մլրդ բնակչությամբ, որի 110 մլն-ը ծառայում էր ռազմական ուժերում: Պատերազմական գործողությունները տեղի էին ունենում մոտ 22 միլիոն կմ² տարածքում: Շուրջ 6 տարի տևած պատերազմի ընթացքում ավելի քան 50 մլն մարդ զոհվեց, իսկ հաշմանդամ դարձավ 95 մլն-ը: Նյութական կորուստները վիթխարի էին: 1945–46թթ. Նյուրնբերգի դատարանը հիտլերյան հանցագործներին մահվան դատապարտեց:
նյութի աղբյուր http://civilngo.com/%D5%A5%D6%80%D5%AF%D6%80%D5%B8%D6%80%D5%A4-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A5%D6%80%D5%A1%D5%A6%D5%B4%D5%B6-%D5%AB%D5%B6%D5%B9/

Просмотров: 920 | Добавил: Aray | Теги: fashizm, imperialism, hitler, Stalin, Երկրորդ Համաշխարհային պատերազմն ինչ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: