Главная » 2013 » Սեպտեմբեր » 26 » Կարկառ հնավայրի 2013 թվականի հնագիտական պեղումների արդյունքը
20:47
Կարկառ հնավայրի 2013 թվականի հնագիտական պեղումների արդյունքը

Կարկառ հնավայրի 2013 թվականի հնագիտական պեղումների արդյունքը



Կարկառ հնավայրի 2013 թ հնագիտական պեղումները սկսվել են սույն թվականի հունիսի 10 ին և շարունակվել մինչև հուլիսի 19-ը, հնագետ Գագիկ Սարգսյանի գլխավորությամբ:

2013 թվականին արշավախումբը հնագիտական աշխատանքները սկսել է քաղաքատեղիի կենտրոնական թաղամասի արևմտյան կողմի բարձրադիր կետում ուրվագծվող շինությունից /պեղավայր 5/: Արդյունքում բացվել է մեծ հատակագծով հնգանիստ շինություն /15 X 18 մ/, երկու հակադիր կողմերից մուտքեր ունեցող, բաց ներքին բակով, որի հարավային կողմում է գտնվում երկու անհավասար սենյակներից բաղկացած մեծ կառույց: Բակի արևելյան մուտքի երկու կողմերում  պատերին կից դրված են նստարան-սուֆաներ, իսկ արևմտյան մուտքի աջ կողմում, ներսից բացվեց այսպես կոչված «ծիծ քարը» կամ «պորտաքարը»: Վերջինս իրենից ներկայացնում է ելուստ տեղի բնական ժայռաքարի ապարից /բռեկչա/, որը  ակնհայտորեն միտումնավոր չի քերվել հանվել, ինչպես բակի ամբողջ տարածքում, այլ հատուկ պահպանվել, տաշվել, ձև է տրվել մոտ 1.5 մ տրամագծով և 0.7 մ բարձրությամբ կլորացող գագաթով բլրակի տեսքով: Ամենայն հավանականությամբ, այն ունեցել է պաշտամունքային նշանակություն, իսկ բացված կառույցը, հավանաբար, սպասարկող տաճարային շինությունն է:

Մեծ շինությունից և նրա արևմտյան կողմում կիսատ պահպանված սենյակից հայտնաբերված խեցեղենի շարքում կան զուտ ուրարտական ժամանակաշրջանի կավանոթների նմուշներ, չնայած, որ հայտնաբերված արտեֆակտների ճնշող մեծամասնությունը նախապես թվագրվում է ուշ երակթե դարի վերջով և, այսպես կոչված, աքեմենյան ժամանակաշրջանի սկզբով, այն է՝ ք.ա. 6-4 րդ դդ:

Այս տարի մի նոր պեղավայր է բացվել քաղաքի միջնաբերդի գագաթին, ուր նկատվում էին կլոր շինության հետքեր /պեղավայր 6/: Այստեղ բացվել է մեկ քարի բարձրությամբ կիսատ պահպանված կլոր սենյակ 5.6 մ տրամագծով:

Հուշարձանի տարածքում պեղվել են երկու դամբարաններ՝ մեկը /դամբարան N 1/  քաղաքատեղիի հիմնական դամբարանադաշտում՝ քաղաքանիստ հրվանդանի արևելյան լանջին, մյուսը՝ / դամբարան 2/ կենտրոնական թաղամասի հյուսիսային եզրին, հյուսիսային պարսպից ներս ընկած հատվածում: Երկու դամբարաններն էլ վերաբերվում են երկաթե դարին /ք.ա 8-6 դդ/, երկուսն էլ  հնում բազմիցս կողոպտվել ու մեզ են հասել խաթարված, առանց դամբարանաբլուրի, ծածկասալերի ու բաց թաղումային խցով: Երկրորդ դամբարանում պահպանվել է կրոմլեխի շրջագիծը 12 մ տրամագծով: Եկուսից էլ հայտնաբերվել են մեծ քանակությամբ տեղում կոտրատված բազմաթիվ խեցանոթների մանր բեկորներ, ուլունքներ սարդիոնից, ագաթից, ծովախեցիներից, բրոնզե իրերի կոտրատված բեկորներ ու մեկ ամբողջական բրոնզե ունելի:

Այս տարի արշավախումբը շարունակել է պեղել հյուսիսային պարիսպը /պեղավայր 1/ բացելով այն կլոր աշտարակից մինչև Կարկառի կիրճը ընկած հատվածը: Բացվեց ընդհանուր առմանբ 40 մ երկարությամբ, 1,2 մ լայնությամբ և մինչև 0.7 մ բարձրությամբ պահպանված ուղղաձիգ գնացող կրաշաղախով կառուցված պարսպագիծ: Այս պարիսպը, ինչպես նաև կլոր աշտարակը թվագրվում է սասանյան ժամանակաշրջանով՝ 6 րդ դար:

Շարունակվել են 2011 թ բացված կենտրոնական թաղամասի բնակելի համալիրի անկյունային կլոր սենյակը շրջանցող ջրանցքի կիսատ մնացած պեղումները /պեղավայր 3/:

Հիշեցնենք, որ 2012 թվականի հնագիտական աշխատանքների արդյունքում բացվել է դեռևս 2011 թվականին հայտնաբերված պարսպի շարունակությունը, մեծ ու փոքր սենյակներից բաղկացած բնակելի համալիր, կլոր կացարան և կրակարան: Հարկ է  նկատել, որ  Հայաստանում ատրուշան բացվել է  միայն Դվինում, ամբողջովին կավաշեն, իսկ սա քարաշեն է  կավաշեն սենյակում:

ԼՂՀ ԿԱ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Просмотров: 496 | Добавил: Aray | Теги: Կարկառ հնավայրի 2013 թվականի հնագիտ, patmaban, patmaget, Patmutyun, պատմություն, պատմաբան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: