Главная » 2016 » Նոյեմբեր » 12 » Սենսացիոն գտածո
15:55
Սենսացիոն գտածո
Հնագետներն Արցախում, Քարինտակ գյուղի մոտակայքի քարանձավում հայտնաբերել են մարդու 6,5 հազար տարեկան ազդոսկր: Արշավախմբի ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր Լևոն Եպիսկոպոսյանն Արմենպրեսին հայտնել է, որ 2015 թվականին էլ Արցախում հայտնաբերվել է հին մարդու ատամ, որը, ինչպես պարզել է լաբորատոր ուսումնասիրությունը, նույնպես եղել է 6 հազար տարեկան:

 

Մի քանի տարի առաջ էլ Հայաստանում` Արենիի քարանձավներից մեկում, հնեաբանները հայտնաբերել էին մի տրեխ, որը եւս գնահատվել էր մոտ 6 հազար տարեկան:

 

Բացառված չէ, որ Արենիում հայտնաբերված տրեխն ու Արցախում հայտնաբերված ատամը եւ ազդոսկրը պատկանում են միեւնույն մարդուն: Օրինակ, այդ մարդը գուցե Հայաստանից որոշել է ճանապարհորդել Արցախ, Արենիում կանգնել է մի փոքր հանգստանալու եւ կորցրել է կոշիկը` տրեխը: Արցախում էլ նրա ատամի հայտնվելը կարող է լինել պատմական վկայություն այն բանի, որ 6000 տարի առաջ այդ հողում զարգացած է եղել ստոմատոլոգիան, եւ մարդը գուցե հենց դրա համար է Հայաստանից գնացել Արցախ` որ հեռացնի ցավող ատամը: Իսկ ճանապարհին էլ տրեխը կորցրել է, որովհետեւ ատամի ցավը խլել է ամբողջ ուշադրությունը:

 

Իհարկե, բացառված չէ նաեւ այլ տարբերակ, օրինակ այն, որ 6000 տարի առաջ ավետյաց հայկական հողում ապրել են այնպիսի հսկաներ, որոնք երբ պառկել են հանգստանալու, ոտքերը մտցրել են Արենիի քարանձավ, իսկ գլուխը` Քարինտակի:

 

Դա առանցքային հոգեբանական գործոն կլինի Հայաստանում տարածված փոքրության մտածողությունը հաղթահարելու հարցում: Տարածված է այդ մտածողությունը, թե մենք փոքր ազգ ենք եւ ստիպված ենք հարմարվել ու յոլա գնալ մեծ աշխարհում: Եթե պատմականորեն ապացուցվի, որ մեր հողում ապրել են այդպիսի հսկա նախնիներ, ապա դա գուցե կօգնի ապակոդավորել հանրային միտքն ու ներշնչել, որ մենք փոքր չենք` մենք ունեցել ենք ոչ միայն ծովից ծով Հայաստան, այլ քարանձավից քարանձավ հայաստանցիներ:

 

Բոլոր դեպքերում, կարծես թե ձեւավորվում է 6000-ամյա պատմության մի ուշագրավ կասկադ, որը հայկական պետականության համար կլինի թե տնտեսական, թե քաղաքական, թե հոգեբանական շատ կարեւոր ռեսուրս:

 

Առավել եւս, որ ներկայում աշխարհը առաջ է գնում ահռելի թափով, եւ այդ տեմպը պահպանվելու պարագայում կգա մի ժամանակ, երբ աշխարհը կկտրվի անցյալից, ամբողջությամբ կլինի ապագայում, ինչից կարճ ժամանակ անց կզգա անցյալի, պատմության քաղց: Ահա այդ ժամանակ կլինի Հայաստանի աստեղային ժամը:

 

Մինչ այդ, պետք է ընդամենը համբերատար շարունակել պեղել եւ ամբողջացնել երկու քարանձավների միջեւ քնած 6000-ամյա մարդուն:
Просмотров: 427 | Добавил: Aray | Теги: գտածոն. Մոտենում է Հայաստանի աստեղա, sensacia, Սենսացիոն | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: