10. Օքսֆորդյան համալսարանի Բոդլիանյան գրադարան (Լոնդոն, 1602թ.)
Այս գրադարանը կրում է սըր Թոմաս Բոդլու անունը, ով ժամանակին հայտնի ու հաջողակ մարդ էր: Հայտնի էր նրանով, որ հավաքում էր հին ձեռագրեր: Մեկ այլ վարկածի համաձայն` այս գրադարանի հիմնադիրը եպիսկոպոս Թոմաս դե Կոբեմն է եղել: Հենց նրա ջանքերով է համալսարանը սկսել գրքերի պաշարներ կուտակել: Սկզբում դրանք շղթաներով էին ամրացնում գրադարակներին, որպեսզի դրանք չգողացվեին: Այս գրադարանը Եվրոպայի հնագույն գրադարաններից մեկն է: 9. Բելգիայի Արքայական Գրադարան (Բրյուսել, 1559թ.)
Ազգային գիտական գրադարանը հիմնադրվել է Ֆիլիպ 2-րդի հրամանով և ներկայումս ունի 8 միլիոն գիրք, ձեռագիր, նկար և նումիզմատական հսկայական հավաքածու: Գրադարանի հիմնական նպատակը եղել և մնում է հավաքել բոլոր բելգիական հրատարակումները, ինչպես նաև բելգիացի բոլոր հեղինակների աշխատությունները, որոնք հրատարակվել են արտասահմանում: Այս գրադարանում սակայն կան հարյուր հազարավոր արտասահմանյան գրքեր ևս, և այն բաց է այցելուների համար, այդ թվում նաև ուսանողների: 8. Բավարական պետական գրադարան (Մյունհեն, 1558թ.)
Այս հին գրադարանը հիմնադրվել է Վետտելսբախյան դուքս Ալբերխտ 5-րդի կողմից: 1663 թվականին Բավարիայում օրենք ընդունվեց, որով բոլոր հրատարակչություններին պարտադրվում էր ցանկացած տպագրված աշխատության երկու նմուշ հանձնել այս գրադարանին: Ի դեպ, այդ օրենքը գործում է մինչ օրս: Ցավոք սրտի, գրադարանի շենքը 85 տոկոսով ավիրվեց Երկրորդ աշխարհամարտի տարիներին, և 500,000 հատոր ոչնչացվեց, բայց չնայած դրան` այս գրադարանը մինչ օրս էլ համարվում Եվրոպայի խոշորագույն գրքերի հավաքածուն ունեցող գրադարաններից մեկը: Գրադարանը հայտնի է նաև նրանով, որ մասշտաբային աշխատանքներ է ձեռնարկում հին ձեռագրերի և աշխատությունների թվայնացման ուղղությամբ: 7. Մալթայի Ազգային գրադարան (Վալետտա, 1555թ.)
Այս գրադարանը հիմնադրվել է Սուրբ Հովհաննեսի Միաբանության 48-րդ Մեծ մագիստրոս Կլոդ դե լա Սինգլի կողմից, որի հրամանով բոլոր մահացած ասպետների գրքերը դառնում էին միաբանության սեփականությունը: Մալթայի գրադարանում առկա են բազմաթիվ հազվագյուտ բիբլիոգրաֆիական նմուշներ: Այստեղ է պահպանվում 1107 թվականին թողարկված հրամանագիրը, որով Կառլոս կայսրը Երուսաղեմի արքա Բալդուին 1-ինի ասպետների ազնվական ծագումն է հաստատում, ինչպես նաև Միաբանության ժողովների սղագրոււթյունները: 1812 թվականից բաց է այցելությունների համար: 6. Վաթիկանի Առաքելական գրադարան (Հռոմ, Վատիկան, 1475թ.)
Այս հրաշքի հիմնադիրները համարվում են Նիկոլայ 5-րդ և Սիքստ 4-րդ Հռոմի Պապերը: Այս հրաշալի ու հարուստ գրադարանում պահվում են անգին ձեռագրեր՝ միջնադարյան ու Վերածննդի դարաշրջանից: Հատուկ այս գրադարանի համար փնտրողական արշավանքներ են կազմակերպվել՝ աշխարհի բոլոր կողմերով: Գրադարանում պահպանվում են միլիոնավոր ձեռագիր և տպագիր աշխատություններ՝ Ցիցերոնից մինչև ժամանակակից հեղինակներ: Բնականաբար, աշխատությունների մեծ մասը կրոնական բնույթի է: Գրադարանին կից գործում է Վատիկանի գրադարանավարների դպրոցը և ձեռագրերի ռեստավրացիոն կենտրոն: Ամեն օր այս գրադարանի պահոցներ կարող են այցելել 150 գիտնականներ ու մասնագետներ: 5. Ֆրանսիայի Ազգային գրադարան (Փարիզ, 1461թ.)
Այս գրադարանը հիմնադրվել է դեռ Կառլոս 5-րդ Իմաստունի ժամանակ, բայց այն կորցրել է իր պաշարների զգալի մասը, քանի որ արքայի բարեկամները գրքերը չվերադարձնելու բնավորություն ունեին: Այնպես որ, Լյուդովիկոս 11-րդը ստիպված էր գրեթե զրոյից սկսել վերստեղծել այս գրադարանի պաշարները և պետք է խոստովանել, որ դա նրան հաջողվել է: Ներկայումս այս գրադարանում պահվում են ձեռագիր ու տպագիր աշխատություններ՝ տարբեր հնադարյան վանքերից, գրքեր՝ Հեղափոխության ժամանակաշրջանից, լուսավորչականների աշխատությունները, ինչպես նաև արտասահմանից ուղարկված բազմաթիվ նմուշներ: Այսօր գրադարանում պահվում է 30 միլիոն ձեռագիր ու տպագիր նմուշ: 4. Ավստրիայի ազգային գրադարան (Վիեննա, 1368թ.)
Տեղակայված լինելով Հաֆբուրգ պալատում, որը ժամանակին Հափսբուրգների արքայատոհմի նստավայրն էր, այս պատմամշակութային կոթողում կուտակված են ավելի քան 7.5 միլիոն գրքեր, հնագույն պապիրուսներ, քարտեզներ, գլոբուսներ, նկարներ և լուսանկարներ, հայտնի երաժիշտների պարտիտուրաներ և այլն: Այս գրադարանը հայտնի է նաև նրանով, որ ունի հնագույն ձեռագրերի բնօրինակների հսկայական հավաքածու, որը հաշվվում է ավելի քան 8000 նմուշ: 3. Չեխիայի Հանրապետության Ազգային գրադարան (Պրահա, 1366թ.)
Սա ոչ միայն աշխարհի հնագույն գրադարաններից մեկն է, այլև աշխարհի խոշորագույն գրադարաններից է, որը տարեկան մինչև 1 միլիոն ընթերցող է ունենում: Այն հիմնադրվել է Պրահայի համալսարանի հիմնադրման առնչությամբ և այսօրվա դրությամբ ունի 6 միլիոն նմուշ, որոնց թիվն ամեն տարի աճում է 70 հազարով: Բացի դրանից` գրադարանի կողմից իրականացվող բազմաթիվ ծրագրերը ստանում են UNESCO-ի աջակցությունը: 2. Սուրբ Եկատերինայի վանքի գրադարանը (Եգիպտոս, Սինայ, 548-565թթ.)
Այս վանքը գտնվում է եգիպտական Սինայ լեռան ստորոտին: Այս գրադարանում պահվում են 3304 ձեռագիր, 5000 գիրք և 1700 գլանակ: Այս գրադարանի հավաքածուն իր պատմական նշանակությամբ զիջում է թերևս միայն Վատիկանի առաքելական գրադարանին: Հավաքածուի աշխատությունները գրված են հունարեն, արաբերեն, վրացերեն, հայերեն, ղպտերեն, եթովպերեն և սլավոնական լեզուներով: Ամենահայտնի ձեռագիրը, որը պահպանվում է պատմական այս կոթողում, այսպես կոչված «Սինայական կոդեքսն» է, որ 4-րդ դարում է ստեղծվել: Բացի հնագույն ձեռագրերի իր երևելի հավաքածուից` այս վանք-գրադարանն ունի նաև հին ու խիստ արժեքավոր սրբապատկերների հավաքածու: 1. Ասորեստանի Աշուրբանապալ արքայի գրադարան (Լոնդոնի բրիտանական թանգարան, Ք.ա. 7-րդ դար)
Աշխարհում ամենահին գրադարանը հայտնաբերվել է 1849-1851 թվականներին՝ բրիտանացի հնէաբան Օսթին Հենրի Լեյարդի և Հորմուզ Ռասամի կողմից` Եփրատի ափին անցկացված պեղումների ժամանակ: Սա համարվում է գիտոթյանը հայտնի բոլոր ժամանակների ու ազգերի հնագույն գրադարանը: Աշուրբանապալն ուզեցել էր սարքել մի վայր, որտեղ կժողովվեին մարդկության բոլոր գիտելիքները: Հավաքածուն հիմնականում ներառում է շումերական և բաբելոնյան տեքստեր: Գրադարանն ունի հարստագույն մի հավաքածու, որի մեջ ընդգրկված են իրավաբանական, ադմինիստրատիվ-կառավարչական գրառումներ, քաղաքական իրադարձությունների նկարագրությունների, կախադրությունների և կրոնական ծեսերի բութագրեր, երգեր և աղոթքներ: Գրադարանի ամենահայտնի նմուշներից մեկը Գիլգամեշի մասին էպոսն է, որը համարվում է Միջագետքի անտիկ մշակույթի և պատմության հիմնական աղբյուրը: Այն նաև հնարավոր է դարձրել սեպագրերի ապակոդավորումը: Այս գրադարանում հայտնաբերված 30 հազար կավե սալիկների մեծ մասը պահպանվում է Բրիտանական թանգարանում:
|