Էրեբունիում հայ-ֆրանսիական արշավախմբի ութ տարվա պեղումները տվել են հետաքրքիր արդյունքներ: Ծրագիրը մոտեցել է ավարտին, սակայն հույս կա, որ այն կշարունակվի,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը:
Նա տեղեկացրեց, որ հայ-ֆրանսիական արշավախումբն աշխատանքները սկսել է Էրեբունիում 2008 թվականից, ծրագիրը ֆինանսավորվել է Ֆրանսիայի ԱԳՆ կողմից:
«Այս պեղումները երեք կարևոր խնդիր են լուծել՝ հնագետները հանդես են գալիս իրենց հետազոտական, գիտական բացահայտումներով, համագործակցում ենք ֆրանսիական հնագիտական կարևոր կառույցի հետ: Մեզ համար այս պահին կարևորը երրորդ խնդիրն է. նախապատրաստում ենք Էրեբունի-Երևանի 2800-ամյակին: Մինչև 2018-ը պետք է որոշակի վերականգնողական աշխատանքներ իրականացնենք, այս պեղումները տվել են նման հնարավորություն»,- ասաց Գ. Գյուրջյանը:
Նա կարևորեց այն փաստը, որ պեղումներին մասնակցել են նաև իրանցի հնագետներ:
Հայ-ֆրանսիական արշավախմբի հայկական կողմի ղեկավար Միքայել Բադալյանի խոսքով, այս պեղումները տալիս են մի շարք հարցերի պատասխաններ, բայց միաժամանակ նաև նոր հարցեր են առաջ բերում:
Նա ասաց, որ 1950 թվականին գտնվում է սեպագիր արձանագրությունը, որը համարվում է Երևանի ծննդյան վկայականը, 1968 թվականին, ըստ այդ արձանագրություն, լրանում էր Էրեբունի-Երևանի 2750-ամյակը:
«Այս առումով պեղումները լայն թափ ստացան: Որոշ հատվածներում արագ էին ընթանում, ինչի հետևանքով մի շարք շերտեր չէին արձանագրվել»,- ասաց հնագետը՝ հավելելով, որ այս պեղումների ընթացքում իրենք շեշտը դրել են մի ժամանակաշրջանի վրա, որը կոչվում է հետուրարտական:
«Անընդհատ խոսում ենք ուրարտական ժամանակաշրջանի, կառույցների, պատմության մասին, այնուհետև արդեն Աքեմենյան ժամանակաշրջանի մասին: Ուրարտական պետությունը վերացել է մ.թ.ա 640-ականներին, Աքքեմենյան պետությունը հիմնադրվել է մ.թ.ա 6-րդ դարի կեսերին: Այդ միջանկյալ հատվածի մասին մենք ոչինչ չգիտենք: Հայ-ֆրանսիական արշավախմբի պեղումները բավականին տեղեկատվություն են հաղորդում հենց այդ ժամանակաշրջանի մասին: Այդ շրջանը նաև կարևոր է այն առումով, որ սկսվում է ձևավորվել Երվանդունիների թագավորությունը»,- նշեց նա:
Միքայել Բադալյանն ասաց, որ խորհրդային շրջանից խոսվում է սյունազարդ դահլճի մասին, համարվում է այն Խալդ Աստծո տաճարի բաղկացուցիչ մասը:
«Այս պեղումները գալիս են ապացուցելու, որ կառույցը հենց հետուրարտական շրջանում է կառուցվել: Նման է Մարական ժամանակաշրջանի հուշարձանների: Նման է Իրանում գտնվող Գոդին թեփե սյունազարդ դահլիճին, գրեթե ճիշտ նույն ժամանակաշրջանով է թվագրվում»,- ասաց նա:
Հնագետը տեղեկացրեց, որ պեղումները հիմնականում իրականացվել են Խալդ Աստծո տաճարում և հարակից տարածքներում: Հայտնաբերվել է գեղեցիկ խճապատ փողոց: Գտնվում է Խալդ Աստծո տաճարի արևելքում: Մոտ տաս մետրից հետո թեքվում է դեպի աջ: Ամբողջը կլինի 30 մետր:
«Եթե մենք համարում ենք, որ Էրեբունին մեր մայրաքաղաք Երևանի օրրան է, կարելի է ասել, որ մենք հայտնաբերել ենք Երևանի ամենահին փողոցը կամ փողոցներից մեկը»,- նշեց հնագետը՝ միաժամանակ հավելելով, որ ուրարտական որևէ այլ կառույցում նման փողոց չի արձանագրվել:
«Այն իր որակով կարող է նոր հաղորդումներ տալ Էրեբունիի պատմության մի կարևոր փուլի համար: Փողոցի հետ մեկտեղ ֆիքսվել է երկրաշարժի հետքեր: Հրավիրվել ենք հայ և ֆրանսիացի մասնագետներ, ովքեր հաստատել են երկրաշարժի հետքերը: Ըստ մեր դիտարկումների, այն եղել է մ.թ.ա.7 –րդ դարի կեսերին: Մի կարևոր հանգամանք, որը մեզ թույլ է տալիս ասելու, թեև դեռևս հիպոթեզ է, թե ինչու է կառուցվել Թեյշեբաինի բերդ-ամրոցը: Ինչո՞ւ Ռուսա Երկրորդը, ունենալով Էրեբունի, Արգիշտիխինիլի ամրոցներն Արարտայան դաշտում, կառուցեց նաև Թեյշեբաինին: Էրեբունիից մի շարք իրեր հենց Էրեբունու մակագրությամբ տեղափոխվել էին Թեյշեբաինի: Ինչո՞ւ էին տեղափոխվել: Կարող էր երկրաշարժի պատճառով»,- մանրամասնեց Մ. Բադալյանը:
Պեղումների ընթացքում հայտնաբերվել է քարե հիմքեր, ըստ նրա, չի բացառվում, որ կարևոր նշանակություն ունեցող կառույց լինի. «Սկզբնական փուլում Էրեբունին այնպիսի չի եղել, ինչպես տեսնում ենք: Գուցե Խալդի, Սուսի տաճարները և այդ կառույցը տեղակայված են եղել մեկ համալիր կառույցի մեջ: Հին Մերձավոր Արևելքում ունենք ֆիքսված մի շարք ծեսեր, երբ մի ծեսը սկսվում էր մի տաճարում, ավարտվում մեկ այլ տաճարում: Գուցե ծիսապաշտամունքային համալիր էր: Նման պատկերները դրվագված են նաև ուրարտական գոտիների վրա»:
Փարիզի հնագիտական ծառայության ղեկավար Ստեֆան Դեշամպը նշեց, որ պեղումները ոչ միայն կարևոր նշանակություն ունեն հնագիտական առումով, այլ նաև Էրեբունու վերականգնման, վերստեղծման աշխատանքների համար:
«Այս պեղումները նման աշխատանքների համար բավականին լավ հիմք են տալիս»,- նշեց ֆրանսիացի մասնագետը:
Նույն արշավախմբի իրանական կողմի ներկայացուցիչ, ԻԻՀ Արևմտյան Արդրբեջան նահանգի Մշակութային ժառանգության և տուրիզմի հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Ռեզա Հեյդարին նշեց, որ այս պեղումները շատ կարևոր համագործակցություն է, մշակույթի համար կարևոր աշխատանք է, ինչպես նաև կարևոր է ոչ միայն Հայաստանի, նաև Իրանի համար:
«Էրեբունու պեղումները կարևոր են, նոր լույս են սփռում Մարական ժամանակաշրջանի ուսումնասիրությունների վրա»,- նշեց նա: