Ամբողջ անունԳարեգին Եղիշեի Տեր-Հարությունյան
Ծնունդհունվարի 1 1886 թ.
ԿզնուտՆախիջևան
Մահդեկտեմբերի 21 1955 թ.
ՎլադիմիրՌուսաստան



«Ապրել ու գործել միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել, և մեռնել միայն այն բանի համար, որի համար արժեր ապրել» 


Նժդեհի լեզուաշխարհը
Գարեգին Նժդեհի տեսական ժառանգութեան մէջ խորասուզուելը մեծ երջանկութիւն է հայերէնազգաց ամէն մի հայի համար: Հրապուրում, գրաւում, իրենց ետեւից տիրաբար տանում են ո'չ միայն հեղինակի գաղափարները, մտքի թռիչքը, դատողութեանց տրամաբան հիմնաւորումը, սլացիք շարադրանքն ու ամփոփ, հատու եզրայանգումը: Կախարդում է Նժդեհի լեզուն:

Յիրաւի՝ մոգական է մեծ հայորդու լեզուաշխարհը: Հայոց ոսկեղենիկի կատարեալ յաղթահանդէս է, հայերէնի հզօրութեան տօն, հայ բառի գաղափարածին կարողութեանց առարկայական հաստատում: Այդպէս կարող է գրել նա, ով ոչ միայն գիտէ հայերէն, այլ եւ պաշտում է իր լեզուն, ապրում է լեզւով ու ապրեցնում ընթերցողին: Հենց ինքն էլ դա վկայում է՝ գրելով «ինքնակենսագրութեան» մէջ, թէ Հայաստանից հեռանալիս իր հետ վերցրած մասունքի մէջ է եղել նաեւ Հայկազեան բառարանը՝ «իմ միակ մխիթարիչ տարագրանքի մէջ»:

Նժդեհեան հաւատոյ հանգանակի հիմքում ազգային երեք արժէք է, «սրբազան երրորդութիւն»՝ Արարատը, հայի շինարար խանդը եւ հայոց ոսկեղենիկը՝ «հայոց լեզուն, որ օտար լուծ ու նուաստութիւն չճանաչեց, ու մնաց ստեղծագործ անգամ պատմութեան ամէնամթին դարերում, երբ օտարը կ'իշխեր Հայաստանում»: Յաւելենք Համաստեղի զարմանալի դիտարկումը Նժդեհի մասին. «Եթէ Ե. դարուն մէջ ապրած ըլլար, կրնար Մաշտոցի աշակերտներէն մէկը ըլլալ»:

Հայերէնը նժդեհեան փիլիսոփայութեան շաղախն է, տեսական-աշխարհայեացքային վիթխարի կառոյցի անսասան հենքը: Հայերէնը Նժդեհի երկնասլաց մտքի կենսատու աւիշն է, գաղափարածին ներուժի անսպառելի աղբիւրը: Անվարան կարելի է եզրակացնել՝ մէկ այլ լեզւով չէր կարող արարուել ցեղակրօն ուսմունքը:

Ճոխ ու հարուստ է Նժդեհի հայերէնը, ապշեցուցիչ է նրա լեզուազգացողութիւնը, ուսանելի՝ բառագործածութիւնը: Լեզուաստեղծագործութիւնն սկսւում է հենց բուն «ցեղ» հասկացողութիւնից. դրա ողջ տարողութիւնը բնութագրելու համար եղած եզրերը չեն գոհացնում Նժդեհին: Ուստի ցեղակրօն ուսմունքը մշակելիս նա «ցեղ» արմատով բազում նոր բառեր ու բառակապակցումներ է ստեղծել՝ «ցեղաճանաչում», «ցեղացնցում», «ցեղադրօշ», «ցեղադրոշմ», «ցեղագիտակցում», «ցեղազդեցիկ», «ցեղայաղորդ», «ցեղայայտնութիւն», «ցեղամերձ», «ցեղաշնչութիւն», «ցեղապրում», «ցեղունակ», «ցեղամարդ», «ցեղայնացում», «ցեղային անմահութիւն», «ցեղային վերաշինութիւն», «ցեղային արթնութիւն», «ցեղայայտ կամք» եւ այլն:

...Հայերէն մտածող ու արարող մտաւորականները (առանց երկնչելու անցեալի ու ներկայի «հակամաքրամոլութեան» դրօշակիր ստամտաւորական-լեզուաբաններից) ասում են՝ «զգայապաշտութիւն» (արդի բառարաններում՝ «սենսուալիզմ»), «խորհրդապաշտութիւն» (միստիկիզմ),«օգտապաշտութիւն» (ուտիլիտարիզմ), «գործնապաշտութիւն» (պրագմատիզմ), «տրամապաշտութիւն» (լոգիկիզմ), «բանապաշտութիւն»(ռացիոնալիզմ), «ժխտամոլութիւն» (սկեպտիկիզմ), «դաւանամոլութիւն» (դոգմատիզմ), «խառնուածք» (տեմպերամենտ),«տիեզերածնական» (կոսմոգոնիական), «համադրական» (սինթետիկ), «ներձուլական» (ասիմիլացիոն), «բնազանցութիւն», (մետաֆիզիկա),«աշխարհիմաստութիւն» (գէոֆիզիկա), «ուժականութիւն» (դինամիկա), «նմանակեղծ» (սիմուլեանտ) եւ այլն:

Նժդեհի ամէնայաղթ միտքը՝ դատողութեան առաւելագոյնս ստոյգ ձեւակերպման հրամայականով, արարել է մի շարք նորաբանութիւնք՝«ահավարութիւն», «արդիւնազօրութիւն», «բանամարտիկ», «բիւրեղաբիւրեղ», «դաւամտութիւն», «թշուարաբանում», «խեղաբարոյութիւն», «խուժանավարել», «հայրենակրօնութիւն», «ճշմարտագործում», «չարամեկնել», «պայքարունակ», «կեղծապաշտ», «պաշտօնապղծութիւն», «քաղքենիամտութիւն», «վայրաբանութիւն», «հոգեկան ինքնայստակացում», «հոգեսպան մանրագործութիւն», «յաղթանակի զօրոյթ», «ներազէն գերազանցութիւն», «նիւթակրօն խոզութիւն», «ոճրառատ գոյութիւն», «չարարուեստ միտք» եւ այլն:
Դիւրին է համոզել, որ բառընտրութիւնը, բառաստեղծութիւնը, բառագործածութիւնը Նժդեհի համար երբէք ինքնանպատակ չեն: «Ճիշտ բառը՝ ճիշտ տեղում» սկզբունքը Նժդեհի բնական եւ անգամ բնազդական գործելակերպն է: Եւ նրա նորաբանութիւնները գնահատելի ու անփոխարինելի են միշտ որոշակի խօսքաշարում: Ահա երկու օրինակ-ապացոյց. «Չարիք է տկարոգի մարդու ղեկավարութիւնը, անէծք՝ նրա իշխանութիւնը»: «Այսօր աւելի հեշտ է եօթը շնագայլերի քաղցը հագեցնել, քան անցեղաշունչ հայ ստամտաւորականի չարութիւնը»:




Սկզբնական կրթությունը ստանալով Նախիջևան քաղաքի ռուսական դպրոցում, ուսումը շարունակում է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում էլ, 17 տարեկան հասակից, միանում է հայ ազատագրական շարժմանը։ Այնուհետև անցել է Պետերբուրգ և երկու տարի տեղի համալսարանի իրավաբանական բաժնում սովորելով՝ լքում համալսարանը ու ամբողջովին նվիրվում հայ հեղափոխության գործին՝ ցարիզմի ու սուլթանականության դեմ։ 1906թ.-ին անցնում է Բուլղարիա, որտեղ Ռոստոմի աջակցությամբ և մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարների միջնորդությամբ ընդունվում է Սոֆիայի սպայական դպրոցը և այն հաջողությամբ ավարտելով՝ 1907թ.-ին վերադառնում է Կովկաս։
1907-1908թթ. մտնում է Հ.Յ.Դաշնակցության շարքերը և մասնակցություն բերում պարսկական հեղափոխական շարժմանը։ Զենք և ռազմամթերք տեղափոխելու համար, Նժդեհը 1909թ.-ին վերադառնում է Կովկաս և ձերբակալվում ցարական իշխանությունների կողմից։ Բանտերում մնալով ավելի քան երեք տարի, տեղափոխվում է Բուլղարիա։

Երբ 1912թ.-ին սկսվեց Բալկանյան առաջին պատերազմը, հայերը Թուրքիայի դեմ կռվելու համար (հանուն Մակեդոնիայի և Թրակիայի ազատագրության), բուլղարական բանակի կողքին ստեղծեցին կամավորական վաշտ, որի ղեկավարները եղան Նժդեհն ու Անդրանիկը։

Առաջին աշխարհամարտի նախօրյակին, «ներման» արժանանալով ցարական կառավարության կողմից, Նժդեհը վերադառնում է Կովկաս՝ Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին մասնակցելու պայմանով։ 1914 վականին Նժդեհը  անցնում է Թիվիս մասնակցում կամավորական գնդերի ստեղծման աշխատանքներին և ստանձնում է 2-րդ կամավորական գնդի հրամանատարությունը: 

1918թ.-ի գարնանը վարում է Ալաջայի (բնակավայր Անիի շրջակայքում) կռիվները, որոնցով հնարավորություն ընձեռնեց նահանջող հայկական զորամասերին՝ անկորուստ անցնելու Ալեքսանդրապոլ. միաժամանակ, իր մարդկանցով ապահովում է Նիկողայոս Մառի պեղումների արդյունքը հանդիսացող արժեքավոր հնությունների փոխադրումը Անիից։

Մոտենում էր 1918թ.-ի մայիսը, վճռվում էր հայոց ճակատագիրը։ Ալեքսանդրապոլում կռվի բռնվելով թուրքական զորքերի դեմ, Նժդեհը իր խմբով նահանջում է Ղարաքիլիսա։ Այստեղ էին նահանջել խուճապի մատնված բազմահազար հայ փախստականներ. տեղի ժողովուրդը նույնպես տագնապի մեջ էր։ Ահա՛ այս օրհասական պահին, երբ տիրում էր համատարած հուսալքում, լսվում է Նժդեհի ռազմաշունչ, ամենափրկիչ ձայնը. Դիլիջանի եկեղեցու բակում նրա արտասանած ճառը հոգեփոխեց հուսալքված, բայց ոգեշունչ խոսքի կարոտ հայերին և նրանց առաջնորդեց դեպի սրբազան ճակատամարտ։ «Դեպի՛ ճակատ, այնտե՛ղ է մեր փրկությունը»- հնչում է Նժդեհի հուժկու, վճռական և ինքնավստահ ձայնը։ Ղարաքիլիսայի եռօրյա հերոսականով՝ հայությունը հաստատեց իր հարատևելու կամքը, և այդ հավաքական կամքի զորացման գործում, անշուշտ, անուրանալի է Նժդեհի դերը։ Ղարաքիլիսայում վարած կռիվների համար (որոնց ընթացքում վիրավորվել է) Նժդեհը արժանացել է ամենաբարձր քաջության շքանշանի։

Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո, 1918թ.-ի վերջին, Նժդեհը ՀՀ կառավարության կողմից նշանակվում է Նախիջևանի գավառապետ, իսկ 1919թ.-ի օգոստոսից՝ Կապանի, Արևիքի և Գողթանի (Կապարգողթ) ընդհանուր հրամանատար։

Առանց դրսի օժանդակության, ապավինած հայրենի լեռներին ու սեփական ոգու զորությանը, Սյունիքի հայությունը, Նժդեհի ղեկավարությամբ, վարեց իր հաղթական դյուցազնամարտը։ Լեռնահայության դիմումներին՝ որևէ կերպ օգնելու, ՀՀ կառավարությունը, բացի մեկումեջ արվող քաջալերանքի կամ համակրանքի խոսքերից, ոչ մի կերպ չարձագանգեց։

Իսկ Նժդեհը երբեմն ստիպված էր լինում չհնազանդվելու վերին իշխանության հրամաններին։ Մասնավորապես, երբ Խատիսյանի կառավարության կողմից նրան հրամայված էր գաղթեցնել պաշարված Գողթանի հայությունը, Նժդեհը մերժեց այն, և, փոխարենը, սրբեց ու տեղահանեց գավառի թուրքական բնակավայրերը։ Ավելին, 1920 թվականի օգոստոսին, ՀՀ զինվորական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանը, համաձայն բոլշևիկների հետ կնքված զինադադարի (իմա՛ 1920թ. օգոստոսի 10- ին Թիֆլիսում Բորիս Լեգրանի ու Արշակ Ջամալյանի միջև կնքված համաձայնագիրը, որով ՀՀ-ն համաձայնություն էր տալիս Կարմիր բանակի մուտքին Զանգեզուր, Ղարաբաղ և Նախիջևան), Դրոյի միջոցով հեռագրում էր Նժդեհին՝ թողնել Կապանն ու Ենվազը և անցնել Երևան։ Բայց Նժդեհը, չընդունելով ՀՀ զինվորական նախարարի՝ Զանգեզուրը թողնելու հրամանը, և մերժելով Դրոյի առաջարկը՝ անցնել Երևան ապաքինվելու (Գորիսի ձորում վիրավորվել էր), նախընտրեց մնալ Սյունիքում և մենակ չթողնել լեռնահայությանը։ Այդ ծանր օրերին էր, որ Նժդեհը հղացավ և գործի դրեց Դավիթբեկյան ուխտերը։ 1920թ. օգոստոսի 25-ին, Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում, Նժդեհի զինվորները ուխտեցին Դավիթ-Բեկի անունով՝ հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատության, իրենց հրամանատար Նժդեհին և կռվել մինչև վերջին շունչը։

1920 թվականի օգոստոսի 10-ին սլսվում է համազանգեզուրյան պայքարն ընդդեմ բոլշեվիկների , Նժդեհի գլխավորությամբ ամբողջ Սյունիքը ոտքի էր կանգնել Խորհրդային 11-րդ կարմիր բանակի դեմ , որը 1920 թվականի դեկտեմբերի 21-ին պարտված հեռանում է Գորիսից , իսկ դեկտեմբերի 25 ին Նժդեհը ընտրվում է որպես Սյունիքի այսինքն Լեռնահայաստանի Սպարապետ-դիկտատոր : Սակայն բոլշևիկյան կազմակերպված բանակի և հզոր շարժման դեմ պայքարն անհնար էր  , բայց պահպանելով Սյունիքը  Հայաստանի կազմի մեջ,  Նժդեհը 1921 թվականի հուլիսին զենքը վայր է դնում և հեռանում Հայրենիքից հանուն հայրենիքի: 

1923թ.-ին լինելով Բուխարեստում, Նժդեհը, տեղի «Նոր Արշալույս» թերթում հանդես է գալիս «Իմ խոսքը - Թե ինչո՞ւ զենք բարձրացրի խորհրդային զորքերի դեմ» հոդվածաշարով։ Այդ տարիներին Նժդեհը հանգամանալից անդրադառնում է Սյունիքի կռիվների պատմությանը՝ 1923-1925թթ.-ին ընդարձակ հոդվածաշարով հանդես գալով Բոստոնի Հայրենիք ամսագրում։ 1924-1925թթ. նա հրապարակումներ է ունենում Պլովդիվում լույս տեսնող «Հայաստան» դաշնակցական թերթում։ Մասնավորապես, 1924թ.-ին այստեղ տպագրվում են առանձին գլուխներ նրա «Էջեր իմ օրագրեն»-ից, որը նույն տարի լույս է տեսնում առանձին գրքույկով, Կահիրեում։

1926թ.-ին Նժդեհը սկսում է հանդես գալ Սոֆիայում լույս տեսնող «Արաքս» թերթում, ուր տպագրվում է նրա «Բաց նամակներ հայ մտավորականությանը» շարքը։

1933թ. ամռանը Նժդեհը մեկնում է ԱՄՆ։ Նժդեհի հետ, Ընդհանուր ժողովի որոշումով, ԱՄՆ անցավ կուսակցական հայտնի գործիչ Կոպեռնիկ Թանդրճյանը, որին հանձնարարված էր կազմակերպել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Մուխտար-բեյի սպանությունը (վերջինս մասնակից էր արևմտահայերի ջարդերին և արտասահմանում հակա-հայկական քարոզչության ղեկավարներից էր)։ Նժդեհը պիտի աջակցեր Թանդրճյանին այդ գործում։

ԱՄՆ-ում Նժդեհը ձեռնամուխ է լինում Ցեղակրոն շարժման ծավալմանը՝ երկրի հայաշատ վայրերում Ցեղակրոն Ուխտեր հիմնելով։

1935թ.-ին նա լույս ընծայեց «Ամերիկահայությունը - Ցեղը և իր տականքը» աշխատությունը, միաժամանակ նպատակ ունենալով ընդլայնել Ցեղակրոն շարժումը և այն դարձնել համագաղութային։

1937թ. Հայկ Ասատրյանի հետ, Պլովդիվում սկսում են հրատարակել «Ռազմիկ» ազգայնական թերթը։

1937թ. Սոֆիայում լույս է տեսնում Նժդեհի «Իմ պատասխանը» ուսումնասիրությունը՝ նվիրված Սյունիքի հերոսականին։

Այդ տարիներին Նժդեհի համար վերստին կարևորվում և հրատապ է դառնում հայությանը մոտեցող պատերազմին հոգեբանորեն նախապատրաստելու և նոր բարոյականով սպառազինելու խնդիրը։ Այդ նպատակով, 1937-1938թթ., Հ. Ասատրյանի, Ն. Աստվածատուրյանի և այլոց հետ նախաձեռնում է Տարոնական շարժումը։

1938-1939թթ. լույս է տեսնում շարժման պաշտոնաթերթը՝ «Տարոնի Արծիվ»-ը։

Նժդեհն իր մասնակցությունն է բերում 1942թ.-ի դեկտեմբերին Բեռլինում ստեղծված ու մինչև 1943թ.-ի վերջը գործած Հայ Ազգային խորհրդի աշխատանքներին (խորհրդի նախագահն էր Արտաշես Աբեղյանը), որի օրգան «Ազատ Հայաստան»-ի փոխխմբագիրն էր (խմբագիր՝ Աբրահամ Գյուլխանդանյան)։

1944թ.-ի սեպտեմբերին խորհրդային զորքերը մտան Բուլղարիա։ «Գիտեմ թե ինչ է սպասվում ինձ, բայց և այնպես որոշել եմ մնալ, հակառակ որ կարելիություն ունեմ օդանավով ինձ նետելու Վիեննա։ Չեմ հեռանում, որ հալածանքի չենթարկվեն մեր կազմակերպությունները («Բուլղարիայի Ցեղակրոն Ուխտերը»)։ Մնալու ավելի լուրջ պատճառներ ունեմ... Այսօր կյանքին ես կապված եմ այն չափով միայն, ինչ չափով որ ինձ դեռ պարտական եմ զգում ծառայելու Հայաստանին»,- գրում էր Նժդեհը 1944թ.-ի սեպտեմբերին, ձերբակալությունից քիչ առաջ։

1944թ.-ի հոկտեմբերի վերջերին, խորհրդային «Սմերշ» բանակային հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից Նժդեհը ձերբակալվում է։ Նրան տեղափոխում են Բուխարեստ, այնտեղից՝ ինքնաթիռով Մոսկվա և բանտարկում Լյուբյանկայում։

1946թ.-ի նոյեմբերին, Նժդեհին Մոսկվայից ուղարկում են Երևան, ուր դատաքննությունը ավարտվում է 1948թ.-ին. Նժդեհը դատապարտվում է 25 տարվա բանտարկության, ժամկետը հաշվելով 1944թ.-ից (ի դեպ, դատավճիռը կայացվել է ապրիլի 24-ին)։

Նժդեհի ձերբակալությունից հետո, ընտանիքը (կինը և զավակը) Սոֆիայից աքսորվում է Բուլղարիայի Պավլիկենի քաղաքը։ 1947թ.-ին Նժդեհը խորհրդային կառավարությանն առաջարկում է հանդուգն մի ծրագիր. սփյուռքում ստեղծել համագաղութային ռազմաքաղաքական կազմակերպություն՝ «Հայկական իռեդենտա, որի նպատակը պետք է լիներ Արևմտյան Հայաստանի ազատագրումը և նրա վերամիավորումը Խորհրդային Հայաստանին։ Առաջարկության մեջ Նժդեհը հանգամանալից անդրադառնում էր այդ կազմակերպության ստեղծման՝ պատմականորեն թելադրված անհրաժեշտությանը, նրա ապագա գործունէության ձևերին, կառուցվածքին և այլն։ Թեև Նժդեհի առաջարկությունը լրջորեն հետաքրքրեց խորհրդային ղեկավարներին և մի քանի տարի շարունակ ուսումնասիրվում էր ամենատարբեր ատյաններում, սակայն, ի վերջո, այն մերժվեց։

1948-1952թթ.-ին Նժդեհը գտնվում է Վլադիմիրի բանտում, այնուհետև, մինչև 1953թ. ամառը՝ Երևանի բանտում։ Նժդեհի երկրորդ անգամ Երևան բերվելը, ինչպես վկայում է նրա բանտակից Հովհաննես Դևեջյանը, պայմանավորված էր նրանով, որ Նժդեհը դիմում էր գրել խորհրդային ղեկավարությանը՝ առաջարկելով իր միջնորդությունը Դաշնակցության և խորհրդային իշխանության միջև հասկացողություն և գործակցություն ստեղծելու համար։ Այս խնդրի շուրջ երկար խոսակցություններ են տեղի ունենում Հայաստանի անվտանգության նախարարի հետ, որոնց արդյունքում, 1953թ.-ին, Նժդեհն ու Դևեջյանը Երևանի բանտից, համատեղ, նամակ են գրում Ս. Վրացյանին (որն այդ ժամանակ Դաշնակցության հետախուզական դպրոցի տնօրենն էր), հորդորելով նրան մերձենալ ռուսներին՝ հակաթուրքական հողի վրա։ Սակայն, Մոսկվայում նպատակահարմար չգտան նամակը ուղարկել և այն մնաց որպես միայն փաստաթուղթ։

Այնուհետև, Նժդեհին նորից տեղափոխում են Վլադիմիր, ուր և մահանում է 1955թ.-ի դեկտեմբերի 21-ին։

Ստանալով բանտային վարչության հեռագիրը Նժդեհի մահվան մասին, եղբայրը՝ Լևոն Տեր-Հարությունյանը, Երևանից շտապ մեկնում է Վլադիմիր։ Նրան հանձնվում են եղբոր զգեստն ու ժամացույցը, իսկ ձեռագրերը՝ ոչ։ Թույլ չի տրվում նաև մարմինը տեղափոխել Հայաստան։ Լևոնը կատարում է եղբոր թաղումը, գերեզմանը ցանկապատել տալիս ու տախտակի վրա, ռուսերեն, պատվիրում գրել՝ "Տեր-Հարությունյան Գարեգին Եղիշի (1886-1955)"։

Իր մահից տասնամյակներ անց միայն՝ 1992թ. մարտի 30-ին, Նժդեհը ՀՀ դատախազության կողմից արդարացվեց, ինչի կարիքը երբևէ չուներ։



Նժդեհը մեր պատմության այն եզակի դեմքերից է, որի մեջ ներդաշնակորեն միաձուլվել են զինվորականն ու մտածողը, ազգային բարոյախոսն ու քաղաքական գործիչը և որն իր՝ հիրավի պատմաստեղծ կյանքով, հաստատաբար դասվում է հայոց առաջնագույն մեծերի շարքը։

Չի կարելի օգնել այն ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը:

Երկու բան պետք է լցնի մարդու հոգին հիացմունքով ու հարգանքով՝ աստղալից երկինքը գլխի վերևում և բարոյական օրենքը սրտի մեջ:

Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես, դու ես մեղավոր, որովհետև թույլ ես:

Իրավունքը ուժի հասկացողություն է, այլ ոչ տրամաբանական:

Զոհաբերի՛ր անվերջ` առանց մնացորդի:
Սովորի՛ր եւ սիրի՛ր զոհաբերել ու տանջվել բավականութեան լուսափայլ ժպիտը երեսիդ ... եւ դու կմոտենաս Աստծուն, դու կդառնաս մարդ-Աստված ...
Այդպես է պատգամում իմ մարգարեն իր հրեղեն խոսքը ...

Մոռացի՛ր քեզ ...
Հանուն թշվառների մոռացիր քեզ, երբ հազար հազարներին սեւ ցավն է ընկերանում, բռնակալ կարիքը նեղում ...
Ուրախ քրքջալու ժամին մի՛ մոռանա, որ դառնորեն լացողներ կան...
Սիրի՛ր թշվառին, ծառայի՛ր սրան, թող քո ցավը թշվառի ցավը, քո Աստվածը թշվառի Աստվածը լինի ...
Այդպես է պատգամում իմ մարգարեն իր ազատ խոսքը ...

Եղի՛ր հպարտ...
Գոյությունդ քարշ տալու համար մի՛ սողա, մի՛ ստորանա եւ մի՛ ստիր
Ստել` նշանակում է հայհոյել ճշմարիտը, ուրանալ` նշանակում է դադարել մարդ լինելուց ...

Եղի՛ր ազատ...
Գիտակից ստրուկի եւ հանցագործի մեջ չկա տարբերություն: Խոնարհի՛ր ճակատդ միայն իդեալի առաջ, միայն իդեալիդ ազատ գերին եղիր...

Եղի՛ր բացարձակ ...
Եւ ո՛չ մի զիջում: Յանցանք է չիջելը: Զիջել` նշանակում է թույլ լինել, ամօթալի պարտութիւն կրել...
Այսպէս է պատգամում իմ մարգարէն իր աստուածաշունչ խօսքը եւ հօգիս` նրա հրեղէն պատգամներին գերի, վեհօրէն իր թեւերն է պարզում

Նժդեհեան վճռակք
*Մի օտարի հովանու տակ հայը եզակի եւ ռազմաշունչ կռուող է, իր սեփական դրօշի տակ՝ յաճախ անարի, պարտուողական:
*Չկայ անկարելին, երբ կայ զօրեղ ու վճռական կամքը:
*Երկաթը մաշւում է իր ծնած ժանգից: Մարդս տառապում է իր անկատարելութիւնից, որ արդիւնք է իր անմաքուր, իր «ժանգոտ» մտածումների:
*Ժողովուրդներն ապրում իրենց, ստեղծագործում՝ մարդկութեան համար:
*Թագ ու ձեւական իշխանութիւն փնտրում են այն ոչնչութիւնները միայն, որոնք անթագ իշխել, թագաւորել չգիտեն:
*Պէտք է ազատուել եւ ոչ միայն ազատագրուել:
*Մեր անձի վրայ տարած յաղթանակը՝ ահա՛ հիմքը մեր այլ կարգի յաղթանակնների:
*Յիմարութիւն է թութակօրէն կրկնել ուրիշի խօսքը: Աւելի մեծ յիմարութիւն՝ կուրօրէն բաժանել այլոց կարծիքը:
*Մեր պատմութիւնը, յետ այսու, աղետալի սխալների կրկնութիւնը չպէտք է լինի, այլ՝ սրբագրութիւնը:
Աշխատի'ր, որ փառքդ ստուերիդ պէս ընթանայ ետեւէդ, բայց երբէք՝ առջեւէդ: 
*Նա միշտ յաղթում է, ով արդէն յաղթել է իրեն, այսինքն՝ որն իր մէջ մեռցնելու չափ թուլացրել է մահուան երկիւղը:
*Ոյժը չէ պակասում քեզ, այլ՝ ուժեղ լինելու կամքը:
*Սպանւում է եւ առիւծը, առիւծութիւնը՝ երբէք:
*Զինաթափուած ամէն մի կիրք մի նոր զինակից է, յաղթահարուած ամէն մի ցաւ՝ հոգեւոր հզօրանքի նոր աղբիւր:
*Մեծ պաշտօններն առանց հոգեկան մեծութեան՝ նման են կաւէ անդրիի՝ դրուած ոսկէ պատուանդանի վրայ:
*Մեր ժողովուրդն առանց հայրենասիրութեան՝ այն է, ինչ որ մի մարմին առանց հոգու:
*Ես տեսայ հոգեւոր ազատը ստրկութեան մէջ, եւ սիրեցի մարդը: Ես տեսայ ստրուկն ազատութեան մէջ եւ գարշեցի մարդէն:
*Ժողովուրդից է ամէն յաղթանակ, անկարող ղեկավարից՝ ամէն պարտութիւն:
*Իրենց տականքները՝ ահա՛ ազգերի իրական թշնամին:
*Յաղթում է այն կողմը, որը վստահ է ո՛չ թէ իր սպառազէն բռունցքի, այլ ներազէն գերազանցութեան:
*Ամէն զօրավար զօրաւոր չէ:
*Օրէնքները լինում են երկարատեւ միայն այն ժամանակ, երբ համապատասխանում են բարքերին:
*Արդար լինելու համար՝ մարդկանց մէջ, թէկուզ թշնամիդ լինեն, փնտրի'ր նախ նրանց լուսաւոր կողմերը: *Սկսեցի՞ր բացասականներից՝ չպիտի նկատես դրականները, վասնզի չպիտի ուզենաս նկատել:
*Կատարելութեան չես ձգտում, եթէ մտահոգեպէս նոյնն ես այսօր, ինչ որ էիր երեկ:
*Պատերազմիր այնպէս, որ չամաչես տարածդ յաղթանակից:
*Իր ոյժերից զատ ամէն ինչի ապաւինող ժողովուրդն արժանի չէ անկախ հայրենիք ունենալու, ազատ ապրելու:
*Անպէտք են այն դասագրքերը, ցամաք անհոգի, որոնց մէջ հայրենիքի մասին խօսւում է ճիշտ այնպէս, ինչպէս նկարագրւում է Սահարայի անապատը կամ մի հեռաւոր կղզի:
*Ապրելու արժանի չէ միայն իրեն համար ապրողը:
*Հոգեպէս մանրանում եւ ճահճանում են միայն ներկայով կլանուած հասարակութիւնները:
*Հայրենասէր լինել՝ չէ նշանակում օտար ժողովուրդների թշնամին լինել: Դա նշանակում է, թէ այդ օտարները կարող են մեր թշնամին լինել:
*Մեր սեփական ցաւերը մեղմելու, մոռանալու մի հատիկ միջոց կայ՝ մտածել այլոց ցաւերի մասին:
*Երբ փրկուածն ապերախտում է փրկչին, մատնում է, որ ինքն արժանի չէր փրկութեան, արժանի չէ ապրելու:
*Ընդհանուր բարիքը դառնում է չարիք, երբ չի արտացոլում մասնաւոր բարիքը:
*Քիչ խօսք, շատ օրինակ՝ ժողովրդասիրութեան, պարտաճանաչութեան, անձնուիրութեան: Առանց վեհ եւ հրահանգիչ օրինակների՝ չկայ դաստիարակութիւն:
*Ինչ որ ընտրողներն են, այն էլ ընտրեալները:
*Մենք ազդում ենք ոչ այնքան նրանով, որ յաջողում ենք արտայայտել, որքան՝ մեր խօսքի ցաւով, որ չենք կարողանում արտայայտել մեր զգացածը:
*Սնամէջ խօսքը վտանգաւոր է անքննադատ ընթերցողի համար:
*Մեր արտաբերած ամէն մի խօսքը, ուրիշներից աւելի մեզ է ազդում:
*Մի ընտանիք, մի հասարակութիւն, մի ժողովուրդ ճանաչելու համար պէտք է լսել նորա մէջ հնչող խօսքը:
*Թերթեր ունե՛նք, որոնք աւելի օգտակար պիտ լինէին հայ ժողովուրդին, եթէ բնաւ լոյս չտեսնէին: Թերթեր ունենք, որոնց, ինչպէս եղինճին, չի կարելի ձեռք տալ առանց խայթուելու: Մաղձ, յիմարական ծաղր, շուկայիկ յիշոցներ, քաշքշուկ, սեւացում, զրախօսութիւն՝ ահա՛ մեր «խայթող» թերթերի հրապարակախօսութիւնը...Այդ թերթերի բովանդակութեան չափ եւ աւելի զզուելի է եւ իրենց բազարի լեզուն: Սրանց համար գոյութիւն չունի հրապարակախօսական էթիկա:
*Աշխատի՛ր, որ խօսքդ լինի համակ լոյս եւ ճշմարտութիւն-կայծակ, որը զարկելուց առաջ լուսաւորում է առարկաները:
*Սպանի՜չ իրականութիւն, ուր գոյութիւն չունի մի հատիկ օրէնք, կանոն իսկ, պարտադիր բոլորի, բոլորի համար. ուր որոշ տարրեր յանցապարտօրէն ժխտում են ե՛ւ ազգային սրբութիւններ, ե՛ւ բարոյական արժէքներ, ուր կայ առատօրէն թոյն, մաղձ, գռեհկութիւն, կայ դիմածռութիւն, ծաղրանք, չարարուեստ խծբծանք, ուր մարդիկ դառել են դառնախօս, նեղսիրտ, եսական, ուր տիրող հոգեւոր մրափողութեան պատճառով նոր հեղինակութուններ չեն ստեղծւում եւ հիները չեն յարգւում. ուր մտաբարոյական ընդհանուր աղաւաղութեան մէջ մարդիկ կարծէք դադարել են իրար հասկանալուց եւ ուր հնարաւոր չէ գլուխ հանել որեւէ ազգաշէն գործ. ուր կեղծիքն է կազմում որոշ քաղաքական հոսանքների բարոյական դրամագլուխը, ուր ամբողջ կազմակերպութիւններ ապրում են կեղծիքի եւ մտաւոր կուրութեան մէջ՝ շրջելով անդունդի եզրին:
*Մեր ղեկավարութիւնը միայն այն չափով է գործուն եւ իմաստուն, ինչ չափով մեզ յաջողւում խանգարել մեր հակառակորդի ղեկավարութեան գործը:

 

Սույն թվականի Մայիսի 8-ին << Նոր Նորքի Ուսանողական Ասոցիացիան>> ՀՀԿ Նոր Նորքի Երիտասարդական կառույցը և Զեյթունի մշակույթի տունը ՆՆՈՒԱ ՀԿ-ի Պատանի Պատմագետների ակումբի և Զեյթունի մշակույթի տան պատանի լրագրողների խմբակի միջև անցկացրեցին հանդիպում ` բաց դաս նվիրված Գարեգին Տեր-Հարությունյանին << Նժդեհին>> , նրա գաղափարներին , կյանքին և անցած ուղուն այն զուգակցելով Հայրենասիրական այն սխրանքներին որ տեղի ունեցան Շուշիի ազատագրման համար , միառժամանակ նշեցինք Շուշիի ազատագրման օրը և ոտնկայս հիշեցինք բոլոր հայ քաջերին ովքեր ընկան Հայոց պատմության նորագույն շրջանի կարևորագույ իրադարձության ժամանակ : Դասի ժամանակ ՆՆՈՒԱ ՀԿ-ի Պատանի Պատմագետների ակումբի և Զեյթունի մշակույթի տան պատանի լրագրողների սաները մեծ խանդավառությամբ ներկայացրեցին նյութեր Նժդեհյան ուսմունքի մասին ` Ցեղակրոնության : Բաց դասի ընթացքում որոշում ընդունվեց խմբագրել , կազմել և տպագրել հատուկ գրքեր Նվիրված նժդեհի կյանքին , գործունեությանը ընդգրկելով այնդեղ Նժդեհյան մտքերը և թղթին տրված գաղափարները:
Բաց դասը վարում էին 
. Կարեն Կարապետյանը` Նոր Նորքի Ուսանողական Ասոցիացիայի Նախագահ
.Արամ Սահակյանցը` Զեյթունի մշակույթի տուն ուսումնադաստիարակչական և մշակույթային կենտրոնի ընօրեն 
.Արայիկ Միսակյանը ` ՀՀԿ Նոր Նորքի գաղափարաքարոզչական հանձնախմբի նախագահ 
. Արա Հակոբյան Պատանի Պատմագետների Ակու

Պատմությունը մարդկության հազարամյա ուսուցիչն է, որը մինչ օրս չունի արժանավոր աշակերտ |