Главная » Статьи » Պատանի Պատմագետների Ակումբի Օրագիր

Վարդավառի տոնը
Վարդավառի տոնը


 

      Վարդավառի տոնը հազարամյակների պատմություն ունի: Այն հայերի ամենասիրված տոներից է: Նվիրված է սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկին: Այդ օրը հայերը վարդերով զարդարել են Աստղիկի արձանը, նրան նվիրված տաճարները, միմյանց վարդեր են նվիրել և վարդաջուր ցողել միմյանց վրա:
      Ինչպես և շատ նախաքրիստոնեական տոներ, 
 
Վարդավառն էլ վերանվանվել է Պայծառակերպության և այլակերպության տոն քրիստոնեության ընդունումից հետո, սակայն պահպանվել է նաև Վարդավառ անվանումը:  Տոնի օրը շարժական է, տոնվում է Զատիկին հաջորդող 14-րդ կիրակի օրը: 2014թ. այն ընկնում է հուլիսի 27-ին: Ինչպես Խաղողօրհնեքի օրը ավանդաբար համարվում է խաղողի առաջին համտեսի օր, այնպես էլ Վարդավառի օրը խնձորի առաջին համտեսի օրն է:
      Հին առասպելի համաձայն` ստորգետնյա աստվածն առևանգում է Աստղիկին: Արդյունքում խավար է իջնում արիների հողի վրա, վերանում է սերը, գլուխ բարձրացնում ատելությունը, մարդիկ դառնում են կոպիտ, չար և անհանդուրժողական: Վիշապաքաղ Վահագնը կարողանում է թափանցել ստորերկրյա թագավորություն, հաղթել վիշապին և ազատել գեղեցկուհի Աստղիկին: Նրա ժպիտից նորից դուրս է գալիս արեգակը, ծաղկում են ծաղիկները: Ուր որ Աստղիկը ոտք էր դնում, այնտեղ վարդեր էին բացվում: Սիրո աստվածուհին վարդաջուր է ցողում Հայոց աշխարհի վրա, վարդավառ սարքում, և մարդկանց մոտ նորից վերադառնում է սերը:
      Մեկ այլ առասպելի համաձայն` մի անգամ Աստղիկը լսում է, որ իր սիրեցյալ Վահագնը ծանր վիրավորվել է, և նա բոբիկ վազում է նրա մոտ: Ճանապարհին, վազելով վարդենիների միջով, վիրավորվում են չքնաղ Աստղիկի ոտքերը` նրա արյունով ներկելով վարդերը: Այդ օրվանից կարմիր վարդը Հայաստանում սիրո խորհրդանիշ է համարվում:
      Վարդավառի մասին մի գեղեցիկ տաղ է գրել 10դ. անվանի բանաստեղծ, երաժիշտ, փիլիսոփա Գրիգոր Նարեկացին: Ահա այդ տաղից մի քառյակ.

      Գոհար վարդն վառ առեալ ի վեհից վարսիցն արփենից:
      Ի վեր ի վերայ վարսից ծավալէր ծաղիկ ծովային:
      Ի համատարած ծովէն պղպջէր գոյնն այն ծաղկին,
      Երփին երփնունակ ծաղկին շողշողէր պտուղն ի ճղին:

 
 
      Վահան վարդապետ Տեր-Մինասյանն այսպես է ներկայացնում Վարդավառը. "Չկա աշխարհում մի տոն, որը Վարդավառից հնագույն լինի: 4-5 հազար տարվա տոն է սա` հաստատված Նոյ նահապետի կողմից: Բոլոր հայերը վաղուց ի վեր տոնում են Վարդավառը: Հայերն ամեն տեղ զարդարում են գույնզգույն ծաղիկներով, կարմիր վարդերից հյուսված ծաղկեպսակներ են դնում

գլխներին, դրանցով զարդարում նաև իրենց բագինները և տաճարները, այդ պատճառով այս տոնը կոչվում է Վարդավառ: Հայերն իրար վրա ջուր են ցողում, գետերում լողանում, աղավնիներ թռցնում` ի հիշատակ Նոյի և ջրհեղեղի: Մատաղ են անում հանուն Վարդավառի: Այն օրից` ջրհեղեղից հետո, երբ Աստված օրհնեց մարդկությունը և իր ծիրանի գոտին կապեց, այն օրից ի վեր, երբ Նոյը բազկատարած աղոթեց և Աստծուց օրհնություն խնդրեց համայն մարդկության համար, այն օրից ի վեր տոնվեց Վարդավառը: Օ՜, լուսաղբյուրներ և կաթնաղբյուրներ, ո՜վ ականակիտ վտակներ, ձեր ցոլացող վճիտ կաթիլները մի՞թե վկա չեն այն բանի, թե Վարդավառը որքան կաթոգին և հավատքով է միշտ տոնվել":
      Իսկ ահա թե ինչ է գրում 19դ. պատմաբան Ղևոնդ Ալիշանը. "Նավասարդյան տոներ. աստվածային պահպանության տոներ, քաջ նախնիների հիշատակ, կտրիճների մրցումներ, հասարակության խաղեր և վայելքներ, որոնք կատարեցին ավելի քան 3000 տարի մեր աշխարհի երջանիկ նախնիները, թնդացին, դոփեցին Բագրևանդի տափարակներում և բլուրների վրա, մինչև որ ծածկվեցին դրանց տակ: Իսկ երբ Հայկի և Վահագնի օրերի խորհրդակատար քրմապետներին փոխարինելու եկան խաչապսակ քահանայապետները, մեհյանների վրա եկեղեցիներ կանգնեցրին, բայց դրանց չորս կողմը և դուրսը մնաց, բնությունն իր կերպարանքը չփոխեց, ազգն իր հանդեսները չփոխեց, այլ տոները սրբացրեց և դիցերի փոխարեն նվիրեց ճշմարիտ աստծուն և նրա նահատակներին": 
      Մեր հին հեղինակները Վարդավառը լուսավոր և պայծառ տոն են անվանել, գերապայծառ լույսի ճառագայթում` նորահրաշ արփիափայլ լույսով պսակված: Վարդավառը կապված էր Նավասարդյան տոների հետ, որոնց ընթացքում ծաղկեպսակներ էին նվիրում պաշտամունքային տեղերում կանգնեցված աստվածների արձաններին և բագիններին: Քրիստոնեության ընդունումից հետո այս ընծայումը կատարվում էր արդեն եկեղեցու խորանին:
      Այս գեղեցիկ տոնը թող մեկ անգամ ևս հիշեցնի, որ հարկավոր է սիրել միմյանց, հարգել, ուշադիր ու սրտացավ վերաբերվել միմյանց, և միայն այդ դեպքում մեր ժողովուրդը կբարգավաճի և կկարողանա կառուցել բոլորիս համար սիրելի և հզոր երկիր: Եվ Վարդավառի օրը ոչ թե դույլերով ջուր լցնել պատահական անցորդների վրա` դրանով փչացնելով մարդկանց տրամադրությունը, այլ մի քանի կաթիլ վարդաջուր ցողել` առաջացնելով ժպիտ և համակրանք:

ՀԻՄՆ ԱՍՏՂԻԿԻՆ

Հովհ. Թումանյան
Ելնում է ահա նազելի փառքով
Երկնի խորքերից Սիրո Դիցուհին,
Պճնված կույսի ճերմակ շղարշով, 
Վառվելով իր սուրբ շողերի միջին:
                                                                   Արևաշող աղբյուր` հույզերի,
                                                                   Աստղաբույլ կերոն` սրտերի,
                                                                   Լուսաշող Սիրո Թագուհի,
                                                                   Գեղասքանչ Աստղիկ դիցուհի:
Ելնում է շռայլ իր փառքից շիկնած, 
Ցոլուն աչքերը ներքև խոնարհում, 
Թեև նրանց մեջ երկնքից ծագած
Ամենից պայծառ ճաճանչն է բերում:
                                                                    Արևաշող աղբյուր` հույզերի,
                                                                    Աստղաբույլ կերոն` սրտերի,
                                                                    Լուսաշող Սիրո Թագուհի,
                                                                    Գեղասքանչ Աստղիկ դիցուհի:
 

Նաիրա Մկրտչյան



Источник: http://www.armedia.am/?action=InnerLife&what=show&id=1247166145&lang=arm
Категория: Պատանի Պատմագետների Ակումբի Օրագիր | Добавил: Aray (27.07.2014)
Просмотров: 704 | Теги: Վարդավառի տոնը հազարամյակների պատմո | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: