Главная » 2013 Նոյեմբեր 18 » Բացահայտում. Լոռու մարզում հնագետները երկաթի դարաշրջանի դամբարան են գտել
19:07 Բացահայտում. Լոռու մարզում հնագետները երկաթի դարաշրջանի դամբարան են գտել |
Լոռու մարզի Գոգարան գյուղում պեղված նոր դամբարանը, որը Հայաստանում պեղված հայտնի այլ դամբարաններից տարբերվում է իր ոճով ու գտածոներով, հնագետների զարմանքն է հարուցել: Բացահայտումը, որի մասին հայտարարվել է սեպտեմբերին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մասնագետներից բաղկացած արշավախմբի համար նորություն էր: Հնագետների գնահատմամբ` այն, ի տարբերություն հարևան դամբարանների, որոնք հիմնականում հողաշեն են, սալաքարային է: Կառույցի տրամագիծը 14 մետր է: Մասնագետները կարծում են, որ այն, հավանաբար, պատրաստվել է տեղի իշխաններից մեկի համար երկաթի դարում (9-7րդ դդ. մ.թ.ա.): Ինչպես նշում են մասնագետները` դամբարանը շրջապատված է կիսամշակ և կիսակորավուն տաշվածքին համապատասխան խոշոր քարերով՝ երիզված փոքր քարերով: Միևնույն ժամանակ, հնագետների ուշադրությունն են գրավել դամբարանի սալաքարային «զրահը» և փոքր շրջագծով երիզված փոքր դամբանահորը՝ թաղման ծիսակարգին բնորոշ պարագաներով: ՀՀ պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայության գիտաշխատող Հրաչիկ Մարուքյանը ասում է, որ դամբարանի տարիքը որոշվում է տարածքում հայտնաբերված իրերով. «Վկան` դաշույնի շեղբը»: Հանգուցյալին հարազատները թաղել են հատուկ ծիսակարգով՝ դաշույնով, մեծ ու փոքր խեցեղեն անոթներով, սարդիոնե ուլունքով: Ննջեցյալի հետ թաղել են խոշոր եղջերավոր և դեռևս չուսումնասիրված անհայտ կենդանիներ: Դամբարանի առանձնահատկության մասին խոսելիս Մարուքյանն ուշադրություն է հրավիրում ճարտարապետական յուրահատկության վրա՝ մատնացույց անելով աղեղնաձև շարվածքով ձգվող շրջագծի խոշոր քարերից մեկի վրա արված երկրաչափական տարբեր գծանշանները՝ եռանկյուն նշանների շարքով, ինչպես նաև շրջագծի մեջ արված հավասարաթև խաչով: «Խաչը աշխարհի չորս ծագերն է՝ շրջագծի մեջ արևի խորհրդանիշն է: Պտույտի դեպքում առաջանում է կեռախաչ (սվաստիկա), ինչը խորհրդանշում է հավերժ աշխարհին տիրելը»,- ասում է Մարուքյանը: Պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, Գոգարանի արշավախմբի անդամներից Արամ Քալանթարյանը ննջեցյալին համարում է հայերի նախահայրերից մեկը: «Միանշանակ` նա հայ է, չնայած աճյունը քայքայվել է, և մնացել են ճկույթի մի մասն ու մի քանի ատամ»,- պնդում է Մարուքյանը: Հետաքրքրական է, որ մասնագետը ննջեցյալին համարում է հայերի նախահայրերից մեկը ոչ թե այն բանի համար, որ ոսկորներն արդեն ենթարկել են գենետիկական հետազոտության, այլ որ Լոռու տարածքում մինչ այժմ հայտնաբերված հնագույն հուշարձանները պատկանում են հայկական մշակույթին: Գտածոն այժմ գտնվում է Երևանում՝ հետազոտման: Նոր հայտնաբերված հուշարձանի տարածքը հնագետները համարում են տարածաշրջանի ամենախոշոր հնագույն քաղաքներից մեկը, որտեղ էլ ապրել են ժամանակի իշխանները: Դամբարանից բացի, մասնագետներին գրավել է նաև Գոգարան գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Թեև Խորհրդային Հայաստանի մասնագետներն այն թվագրել են 17-րդ դարով, սակայն ներկայումս մասնագետները մատնանշում են 4-րդ դարը: «Խորհրդային Միությունում հայկական հուշարձանները միտումնավոր վերագրում էին ավելի ուշ շրջանի, որպեսզի մենք աչքի չընկնենք մեր հնագույն մշակույթով»,- ասում է Մարուքյանը: Մասնագետը կարծում է, որ անհրաժեշտ է վերանայել խորհրդային սխալները, ինչի հետևանքով մշակութային շատ արժեքներ կվերափոխեն իրենց կառուցման դարաշրջանը: Նա հիշում է, որ երբ Գոգարանի եկեղեցու վերականգնման ընթացքում ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը բացել է եկեղեցու հիմքերը, ապացուցել է սխալը: Եկեղեցին կառուցված է եղել 4-րդ դարին բնորոշ գետնախարիսխների ու հիմքերի վրա: Եկեղեցու բակում տեղադրված կոթողների խումբը և գերեզմանոցի հնագույն խոյակերպ տապանն ու բազմաթիվ դամբարանները մասնագետներին հիմք են տալիս Գոգարանի տարածքը համարել նախաքրիստոնեական հնագույն ժամանակների բնակատեղի: Կարծիքը հաստատվում է նաև շրջակայքում հայտնաբերված բազմաթիվ նախաքրիստոնեական [բնակելի] քարանձավների առկայությամբ, ինչպես նաև Գոգարան և Շիրակամուտ գյուղերի սահմանագծում գտնվող քարե տաշտակների հայտնաբերմամբ: Հնագետներն այժմ զբաղված են դրանց ուսումնասիրությամբ: Հնագիտական հուշարձաններով մասնագետներն առանձնացնում են Ստեփանավանի տարածաշրջանում գտնվող Լոռե բերդաքաղաքը, որտեղ վերջին տարիների պեղումների ընթացքում հայտնաբերված դամբարանները հարուստ նյութ են պարունակում: Գտածոների մեջ կան խեցեղեն անոթներ, սպասք, արծաթե թասեր, արծաթե և բրոնզե զարդեր՝ երկգլխանի օձաձև ապարանջաններով: Մարուքյանը հիշատակում է հնագետների ուշադրությունը գրաված իշխանական կնիքը` իր կիսաթափանցիկ սպիտակավուն քարե գլան՝ յուրաքանչյուր ծայրին մեկական ոսկե վահանաձև նախշազարդ կափարիչ: Կնիքի դրոշմվածքը պատկերում էր հետևի ոտքերի վրա՝ դեմ-դիմաց կանգնած երկու այծյամ՝ մեջտեղում ծառ: «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Հակոբ Սիմոնյանը նշում է, որ վերջին տարիներին Լոռու տարածքում հայտնաբերվել են հազարավոր դամբարաններ, որոնց ստույգ տարեթվերը դեռ ճշտված չեն: «Իզուր չէ, որ Լոռին համարվում է հնագույն մշակույթի բնօրրան»,- հավատացած է Մարուքյանը: |
|
Всего комментариев: 0 | |